«Բոլորն ուզում են զբաղվել քաղաքականությունով, ես՝ քաղաքային խնդիրներով». Մնացականյան 

Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը պատրաստվում է մասնակցել սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին։ 

 

Ամիսուկես առաջ «Հրապարակի» հետ զրույցում ասել էր, որ պատրաստվում է նոր կուսակցություն հիմնել, քանի որ Հայաստանում գրանցված մի քանի տասնյակ կուսակցություններից եւ ոչ մեկի գաղափարներն ու սկզբունքները չեն համընկնում իր տեսլականին։ Երեկ օրաթերթը զրուցել է Մնացականյանի հետ, պարզվեց, սակայն, որ թեկնածուն չի շտապում։ Նա վստահեցրել էր, որ ստեղծվելիք կուսակցության ծրագիրն արդեն պատրաստ է, կորիզն ավելի քան երեք տասնյակ երեւանցիներ են, ավագանու ցուցակն էլ է պատրաստ՝ 35 հոգուց բաղկացած, որոնք ակտիվ աշխատանքներ են տանում, սակայն կուսակցության փաստաթղթերը դեռեւս պետռեգիստր չեն ներկայացվել: Մնացականյանի հաշվարկով՝ ընթացիկ ամսում այդ խնդիրն էլ կլուծեն։ «Քաղաքական անցյալով հայտնի դեմքեր չկան։ Մենք երեք սկզբունքներով ենք ընտրել, բայց առայժմ չեմ ուզում փակագծեր բացել»,- ասել էր Մնացականյանը։ 

 

Եվ չնայած այս ամենին՝ կուսակցության անվանումը դեռ չեն որոշել, բազմաթիվ են տարբերակները, քննարկում են քաղտեխնոլոգների եւ այլ մասնագետների հետ, որպեսզի, ինչպես մեր զրուցակիցն ասաց, խուսափեն ասոցիացիաներից (նույնացվելուց)․ «Փիառ մասնագետներ, հոգեբաններ, սոցիոլոգներ, մարկետոլոգներ․ այս ոլորտի մասնագետների հետ ակտիվ քննարկումների մեջ ենք, պարզվում է՝ անունը կարեւոր նշանակություն ունի, ասոցիացիաների հետ կապված»։

 

Մնացականյանի խոսքով, ինքը բոլորից կտարբերվի նրանով, որ որ բոլորն ուզում են զբաղվել քաղաքականությունով, ինքը՝ քաղաքային խնդիրներով։ 

 

Բոլորը չեն հասկանում, որ «քաղաքականություն» բառն առաջացել է «քաղաք» բառից։ Առաջին հերթին պիտի քաղաքում արդար լինի, կոկիկ լինի, գրագետ, հարմար, ապահով, որ  հետո այդ ամբողջը պրոյեկտես երկրի վրա,- հավելել է Մնացականյանը:

 

Հարցին, թե արդյո՞ք ներկաների հետ բացառում է համագոևծակցությունը` Մնացականյանը պատասխանել է. «Ժամանակից շուտ չենք ուզում քաղաքական գնահատականներ տալ, մենք ունենք ստրատեգիա, եւ այժմ ժամանակը չէ»։

 

«Ես շատ ուրախ եմ բոլորի համար, ոչ մեկն այս քաղաքում իմ թշնամին չէ, շատերը նույնիսկ իմ ընկերներն են։ Թող ես հենց դրանով տարբերվեմ, որ բարություն, քաղաքակրթություն եւ ավելի գործնական ու ընկերական էմոցիաներ փոխանցեմ։ Երեւանցին, հավատացեք, հոգնել է խժդժություններից, երեւանցին ուզում է տեսնել, որ իրենց բակերում է բան փոխվում, իրենց փողոցներում, իրենց կառավարման մոդելը, իրենց ձայնը լսելի է»,- եղրափակել է Մնաականյանը:

 

 

 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ