ԵՄ-ն ողջունել է հայ - ադրբեջանական կարգավորման ակտիվացումը
Երկու օրից Քիշնևում նախատեսված բանակցություններին ընդառաջ Եվրամիությունը ողջունել է հայ - ադրբեջանական կարգավորման ակտիվացումը վերջին մեկ ամսվա ընթացքում։ Հայտարարությունը տարածած Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության խոսնակը միևնույն ժամանակ կարևոր է համարել, որ կողմերը խուսափեն խաղաղության գործընթացը վնասող հայտարարություններից։
«Կարևոր է պահպանել այս պատմական առաջընթացը և խուսափել այնպիսի քայլերից, ներառյալ թշնամական հռետորաբանությունից, որոնք կարող են վտանգել խաղաղության գործընթացը», - հայտարարել է Փիթեր Ստանոն։
Հայտարարությունում հիշեցվում է, որ Վաշինգտոնում, Բրյուսելում և Մոսկվայում անցկացված հայ-ադրբեջանական վերջին բանակցություններն ու ընդգծում՝ արդյունքում առաջնորդները հրապարակավ վերահաստատեցին իրենց աներկբա հավատարմությունը 1991 թվականի Ալմա - Աթայի հռչակագրին, որով կողմերը ճանաչում են Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը։
«Մենք ողջունում ենք այս կապակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խիզախ հայտարարությունը մայիսի 22-ին և Հայաստանի հստակ պատրաստակամությունը՝ աշխատելու սահմանի դելիմիտացիայի ուղղությամբ։ Մենք նաև ողջունում ենք Ադրբեջանի նախագահի մայիսի 25-ի հայտարարությունը»։
Նշվում է նաև, որ Եվրոպական խորհրդի միջնորդությամբ Բրյուսելում մայիսի 14-ին անցկացված բանակցություններում կողմերը կենտրոնացել են մի շարք առանցքային հարցերի, մասնավորապես, սահմանային խնդիրների, հաղորդակցության, հումանիտար հարցերի ու նախկին ԼՂԻՄ տարածքում ապրող հայերի իրավունքների և անվտանգության վրա։ Քանի դեռ զգայուն հարցերի շուրջ աշխատանքը շարունակվում է, Եվրամիությունը կարևորում է վստահության ձևավորելու, խնդիրները լուծելու առաջնորդություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ համապարփակ կարգավորման հասնելու համար։
Եվրամիությունը վերահաստատում է խաղաղ կարգավորման գործընթացին աջակցելու հանձնառությունը և շեշտում՝ չնայած հակամարտության բարդ պատմությանը, բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այս շաբաթվա վերջին Քիշնևում կհանդիպեն․ ԱՄՆ-ից՝ այդ մասին
Միացյալ Նահանգներն արդյունավետ հանդիպում է ակնկալում Քիշնևում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհ...
Նախատեսում ենք ներդնել օնլայն քարտեզի վրա հանրային տրանսպորտի տեղաշարժը ֆիքսելու հավելված․ Ավինյան
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է է ներդնել օնլայն քարտեզի վրա հանրային տրանսպորտի տեղաշարժը ֆիքսելու հավելված։ Այս մաս...
Ռուբեն Վարդանյանը 20 մլրդ դրամ կներդնի Արցախի կենսական նշանակության խնդիրների լուծման համար
Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանր...
Ի՞նչ խնդիր ունեք, ի՞նչ եք ուզում Ադրբեջանից․ Չավուշօղլուն՝ Քըլըչդարօղլուին
Չավուշօղլուն քննադատել է Քըլըչդարօղլուին՝ տրանսպորտային միջանցքի նախաձեռնության համար, որն անցնում է Ադրբեջանի կողքով։&n...