![Վահագն Խաչատուրյանը հայտնել է, որ լիովին աջակցում է Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը](https://auroranews.am/storage/img/base_image/old/8a25f9476e16d84157951b37e3c6872c.webp)
Վահագն Խաչատուրյանը հայտնել է, որ լիովին աջակցում է Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը
![Վահագն Խաչատուրյանը հայտնել է, որ լիովին աջակցում է Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը](https://auroranews.am/storage/img/base_image/old/8a25f9476e16d84157951b37e3c6872c.webp)
Այն, ինչին գնում է այսօր կառավարությունը, այսինքն` այն քայլերը, որոնք արվում են և՛ երկրի ներսում, և՛ արտաքին քաղաքականության ասպարեզում, միտված են խաղաղության հաստատմանը:Այս մասին այսօր ասել է ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ` շեշտելով, որ ինքն աջակցում է Փաշինյանին և կառավարությանը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Խաչատուրյանը շեշտել է, որ կարևորում է բրյուսելյան հանդիպման արդյունքները, մասնավորապես այն, որ Փաշինյանը հստակ արտահայտեց Հայաստանի Հանրապետության կառավարության, իշխանության տեսակետը, համաձայն որի՝ մենք ընդունում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նույնն ակնկալում Ադրբեջանից:
«Սա, կարծում եմ, շատ կարևոր հայտարարություն էր և նաև ապացույց էր, որ մենք ոչ թե պարզապես խոսքեր ենք ասում խաղաղության մասին, այլ տրամադրված ենք տարածաշրջանում վերջնականապես խաղաղություն հաստատելուն: Կարծում եմ՝ մեր հարևանն էլ պետք է դա գիտակցի և գնահատի այն քայլերը, որոնք անում եք Դուք և կառավարությունը»,–ասել է Խաչատուրյանը։
Խաչատուրյանը նաև պատմել է Կատար կատարած իր այցի մասին, ուրախություն հայտնել, որ այնտեղ Հայաստանն ընդունում են որպես լիարժեք գործընկեր, որը կատարում է իր պայմանավորվածություններն ու պարտականությունները, որը վստահելի գործընկեր է՝ ֆինանսական կայունության և պարտականությունների կատարման առումով:
ՀՀ վարչապետն իր հերթին կարևորել է ՀՀ նախագահի հետ պարբերական հանդիպումները ժողովրդի մոտ իշխանության հանդեպ վստահության ձևավորման տեսանկյունից։
«Այս առումով, կարող եմ վկայել, որ իրապես նախագահ-խորհրդարան-կառավարություն եռյակի միջև շատ կոնստրուկտիվ համագործակցություն է հաստատված, ինչը շատ կարևոր է հատկապես այս շրջանում: Նաև կարևոր եմ համարում, որ կառավարության քաղաքականությունները որոշակիորեն քննարկված և խորհրդակցված են խորհրդարանի, Հանրապետության նախագահի հետ, բայց դա, իհարկե, ամենևին էլ պատասխանատվության մասին չէ. կառավարությունն այն լիարժեք ստանձնում է և պետք է ստանձնի, բայց իմանալ նաև պետության կարևորագույն ինստիտուտների կարծիքն այդ հարցերի վերաբերյալ՝ չափազանց էական է»,–շեշտել է Փաշինյանը:
Նա նշել է, սակայն, որ բրյուսելյան պայմանավորվածություններից հետո Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններն առնվազն հարցեր են առաջացնում, և պետք է հստակ գտնել մի հարցի պատասխան` արդյոք այդ հայտարարությունները նշանակում են հրաժարում ձեռք բերված պայմանավորվածություններից: