![«ՆԱՏՕ-ն մեծացնում է ռազմական ներուժը Եվրոպայում, ԱՄՆ-ն ապակայունացնում էԱֆղանստանը»․ Շոյգու](https://auroranews.am/storage/img/base_image/old/f2ada4859d28eb13d0fb214d6566205d.webp)
«ՆԱՏՕ-ն մեծացնում է ռազմական ներուժը Եվրոպայում, ԱՄՆ-ն ապակայունացնում էԱֆղանստանը»․ Շոյգու
![«ՆԱՏՕ-ն մեծացնում է ռազմական ներուժը Եվրոպայում, ԱՄՆ-ն ապակայունացնում էԱֆղանստանը»․ Շոյգու](https://auroranews.am/storage/img/base_image/old/f2ada4859d28eb13d0fb214d6566205d.webp)
Հյուսիսատլանտյան դաշինքն ուկրաինական ճգնաժամը որպես առիթ է օգտագործում Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում իր խմբավորումները մեծացնելու համար, իսկ ԱՄՆ-ն ապակայունացնում է Աֆղանստանն ու տարածաշրջանը։ Այսօր այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«ՆԱՏՕ-ն ուկրաինական ճգնաժամն օգտագործում է որպես իր խմբավորումների ավելացման առիթ։ Մեկնարկել է դաշինքի ընդլայնման հերթական փուլը։ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում արդիականացվում է ռազմական ենթակառուցվածքը, հարվածային սպառազինություն է տեղակայվում, մեծանում են համատեղ զորավարժությունների մասշտաբներն ու ինտենսիվությունը»,-ասել է Շոյգուն՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։
Նա նշել է, որ ամենախոշորը կլինեն Defender Europe 2023 զորավարժությունները, որոնց մասնակցելու համար ներգրավվում են նաև դաշինքի անդամ չհանդիսացող երկրները:
Շոյգուն նշել է, որ մյուս տագնապալի պահը ուժեղացող ագրեսիվ հռետորաբանությունն է և Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի երկրների համատեղ «միջուկային առաքելությունները»՝ միջուկային զենքի մատակարարման միջոցների կիրառման մշակման, ինչպես նաև ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության գլոբալ համակարգի բաղադրիչների կատարելագործումը:
Այդ նույն շարքում են, նրա խոսքով, աղքատացված ուրանով զինամթերքի մատակարարումներն Ուկրաինա, սադրանքների և Ռուսաստանի Դաշնության ռազմավարական օբյեկտներին հարվածների փորձերը։
Իր հերթին ԱՄՆ-ն, հայտարարել է Շոյգուն, մտադիր է օգտագործել Աֆղանստանում գտնվող ապօրինի զինված խմբավորումների ներուժը՝ տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու համար:
«Անկայունության ևս մեկ օջախ շարունակում է մնալ Աֆղանստանը։ Հիմնական սպառնալիքը գալիս է անօրինական զինված խմբավորումներից, որոնք թալիբների իսլամական շարժման իշխանության գալուց հետո զգալիորեն ամրապնդել են իրենց դիրքերն այդ երկրում («Թալիբան» շարժումը ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ է ահաբեկչական գործունեության համար,-խմբ.): Կարծում ենք, որ ԱՄՆ-ն մտադիր է օգտագործել այդ ահաբեկչական կազմակերպությունների ներուժը՝ տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու համար»,-ասել է Շոյգուն։
Նա նշել է, որ այդ նպատակով կազմակերպվել է Մերձավոր Արևելքի վերահսկվող ավազակախմբերից գրոհայինների տեղափոխումը Աֆղանստան։
«Հետագայում հնարավոր է նրանց ներթափանցումը հարևան երկրներ, մասնավորապես՝ ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար։ Այս պայմաններում կարևոր ենք համարում համակարգել ջանքերն աֆղանական ուղղությամբ, պատշաճ ուշադրություն դարձնել համատեղ զորավարժություններին ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով»,-ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։
Միևնույն ժամանակ Շոյգուն նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն Աֆղանստանը վերակենդանացնելու ուղղությամբ աշխատելու փոխարեն, իրենց հապճեպ հեռանալուց հետո փորձում են տարբեր միջոցներով վերականգնել իրենց ռազմական ներկայությունը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում:
«Մենք դա գնահատում ենք որպես ուղղակի սպառնալիք այնտեղ և ընդհանուր առմամբ ՀԱՊԿ տարածքում կայունության համար», –հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը: