ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել է քաղցրավենիքի փաթեթի միջից․ ՊԵԿ

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը կանխել է տարածաշրջանում աննախադեպ քանակի «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք: ՊԵԿ-ի տարածած հաաղորդագրությունից տեղեկանում ենք, որ մաքսանենգության դեպքերով կան ձերբակալվածներ։

 

«Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Երևանում բնակվող ԱՄՆ-ի քաղաքացու անվամբ հնարավոր է Հայաստան ներմուծվի թմրամիջոցի պարունակությամբ առաքանի:

Տեղեկությունների իսկությունը ստուգելու, ինչպես նաև հնարավոր մաքսանենգության դեպքը կանխելու և բացահայտելու նպատակով` ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների  ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նշված քաղաքացու ինքնությունը, իսկ վերջինիս անվամբ ներմուծվելիք առաքանիներն անմիջապես վերցվել են հսկողության», - ասվում է հաղորդագրության մեջ:

 

Նշվում է, որ օրեր անց Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության և Զվարթնոց բաժնի աշխատակիցներն ԱՄՆ քաղաքացի Ա.Ք-ի անվամբ ՀՀ ներմուծված առաքանու մաքսային զննման արդյունքում հայտնաբերել են  10,8 գրամ ընդհանուր քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց, որը թաքցված է եղել առաքանու իրերի մեջ: Ձեռնարկված «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում՝ հիշյալ առաքանին ստանալիս, ԱՄՆ քաղաքացին ձերբակալվել է:

 

Ինչպես ասվում է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները չեն սահմանափակվել և շարունակել են ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու  վերլուծական աշխատանքը` ԱՄՆ քաղաքացու հետ փոխկապակցված անձանց պարզելու և բացահայտելու նպատակով: Արդյունքում տեսադաշտում  է հայտնվել մի նոր քաղաքացի` Է.Մ-ն:

 

«Անցկացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում տեղեկություններ են ձեռք բերվել  առ այն, որ տվյալ  քաղաքացու  անվամբ Հայաստան  է ներմուծվելու առաքանի, որը հնարավոր է պարունակի թմրամիջոցներ:

 

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱԱԾ աշխատակիցների կողմից մաքսային զննման է ենթարկվել ՀՀ քաղաքացու  անվամբ ներմուծված առաքանին, որում առկա քաղցրավենիքի փաթեթի միջից հայտնաբերվել Է «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի 80 հաբ: Դրանք  միախառնված և թաքցված են եղել նույն ապրանքանիշի քաղցրավենիքի հետ։ Համատեղ իրականացված «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում՝ հիշյալ առաքանին ստանալիս, ՀՀ քաղաքացին ձերբակալվել  և  տեղափոխվել է բնակության վայր` իր մասնակցությամբ բնակարանի խուզարկություն իրականացնելու նպատակով: Վերջինիս բնակության վայրից հայտնաբերվել է նաև 2 հատ «Մակարով» տեսակի հրազեն` լիցքավորված մարտական փամփուշտներով, բազմաթիվ օգտագործված ներարկիչներ` թմրամիջոցների հետքերով: Հայտնաբերվել են  նաև բազմաթիվ այլ տարաներ` կրկին  թմրամիջոցների հետքերով»,-նշվում է հաղորդագրության մեջ։


ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ անօրինական ճանապարհով թմրամիջոցների տեղափոխումից և օգտագործումից: 

 

Քաղաքականություն

Պատահարներ