
Գայանե Մարտիրոսյանի գործով դատական որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 15։00-ին

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի գործով դատական նիստն ավարտվեց. որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 15։00-ին: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Դատավորը նշեց, որ, ի տարբերություն շատ այլ դեպքերի, ցանկություն ունի ոչ թե որոշման եզրափակիչ մասը հրապարակել, այլ ամբողջ որոշումը։ Իսկ երեկ շատ հագեցած, ծավալուն նիստ էր, և դա էլ ողջամիտ հիմնավորում կարող է լինել։ Ընկալելի որոշում է, բայց ամենևին ոչ ցանկալի», - ասաց նա:
Ռուբեն Մելիքյանը հավելեց, որ իրենք վերահաստատել են իրենց հիմնական պնդումը, որ կալանք, առհասարակ, չկիրառվի, անձն ազատ արձակվի առանց այլընտրանքային խափանման միջոցների։
«Նաև պատրաստակամություն հայտնեցինք մեր կողմից նշված խափանման 4 միջոցների առանձին կամ համակցության մեջ կիրառմանը՝ տնային կալանք, վարչական հսկողություն, գրավ, երաշխավորություն։ Դատարանին խնդրեցինք այդ բոլորը դիտարկել։ Քննիչը, ցավոք, չէր փոխել իր դիրքորոշումը և առարկեց նույնիսկ տնային կալանքին», - ասել է Ռուբեն Մելիքյանը։
Նշենք, որ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մայիսի 19-ին, քննում էր 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկին՝ Գայանե Մարտիրոսյանին կալանավորելու միջնորդությունը։