
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում ՌԴ-ի, Ղրղզստանի և Հայաստանի ընկերությունների նկատմամբ

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի, Ղրղզստանի և Հայաստանի ընկերությունների նկատմամբ, որոնք առնչվում են 71 կազմակերպությունների, հայտնում է ԱՄՆ առևտրի նախարարությունը։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն։
Հրապարակված ցանկում ընդգրկված է մեկական ընկերություն Հայաստանից և Ղրղզստանից, մնացածը Ռուսաստանի Դաշնությունից են։
Պատժամիջոցների ցանկում են նաև NPK Tekhmash, Ulyanovsk Mechanical Plant, PJSC Kurganmashzavod, Ulan-Ude Aviation Plant, Bryansk Automobile Plant, Ural, Military Industrial Company, Tulmashzavod և մի շարք այլ պաշտպանական ընկերություններ։
Тасс-ն գրում է, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը ևս ներառվել է ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը կներառի մոտ 300 ընկերություններ, անհատներ, նավեր ու ինքնաթիռներ։ G7-ի առաջնորդների գագաթնաժողովի նախօրեին ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան հավելել է, որ արտահանման սահմանափակումները կազդեն ռուսական 70 ձեռնարկությունների, ինչպես նաև այլ երկրների վրա։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ նոր սահմանափակումները կազդեն նաև Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Ասիայում գործող պատժամիջոցները շրջանցելու փորձերում ներգրավված ընկերությունների վրա։
Նշվում է, որ G7 երկրները վերահաստատել են իրենց հանձնառությունը Ուկրաինային ֆինանսական, հումանիտար, ռազմական և դիվանագիտական աջակցություն ցուցաբերելու հարցում։