
Վրաստանի ՊՆ նախկին նախարարը դատի է տվել բրիտանական BBC-ին

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Կեզերաշվիլին դատական հայց է ներկայացրել բրիտանական BBC-ի դեմ, հայտնում է SputnikGeorgia-ն։
Հաղորդվում է, որ պատճառը լրագրողների հետաքննությունն է, ըստ որի` Կեզերաշվիլին կանգնած է եվրոպացի թոշակառուներից զանգերի կենտրոնների միջոցով փող հափշտակելու խարդախ սխեմայի հետևում:
«BBC-ի պատմության մասին պնդումները բացարձակապես սուտ են: BBC-ի համար շատ անպատասխանատու էր այս նյութի հեռարձակումը», - ասել է նա:
Հավելենք, որ Կեզերաշվիլին Վրաստանի պաշտպանության նախարարն էր 2006-2008 թվականներին։ 2012 թվականին նա լքել է երկիրը և ապրում է Մեծ Բրիտանիայում։
Վրաստանի Գերագույն դատարանը նրան հեռակա դատապարտել է 5 տարվա ազատազրկման՝ 5 միլիոն եվրո յուրացնելու համար։
Վրացական լրատվամիջոցներն ու իշխանությունները պնդում են, որ Կեզերաշվիլին եվրոպացիներից գողացված գումարները ծախսել է ընդդիմադիր ուժերին՝ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում»-ին, ինչպես նաև վրացի «անկախ» լրագրողներին և հասարակական կազմակերպություններին ֆինանսավորելու համար։