
Աշոտ Փաշինյանին չենք փորձել առևանգել, եղել է միջադեպ․ զոհվածի հայր

Քիչ առաջ «Հայկական ժամանակը» տեղեկատվություն էր տարածել, որ «այսօր՝ 15:00-ի սահմաններում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն` Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից փորձել են առևանգել»: Ըստ կայքի տեղեկությունների՝ առևանգման փորձ կատարողները «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամներն են:
24News-ի հետ զրույցում «Որդիների կանչ» ՀԿ-ի ղեկավար Վահիկ Սահակյանը նշել է. «Ամբողջությամբ զրպարտություն է այն, ինչ նշված է էդ կայքում»: Հարցին, այսինքն` միջադեպ եղե՞լ է, պատասխանել է. «Միջադեպ տեղի է ունեցել, բայց այն, ինչպես ներկայացնում են, այդպես չէ»:
Սահակյանը, ով միջադեպի մասնակիցների թվում է եղել, նշեց նաև, որ դատի էին մասնակցում, դուրս են եկել ու տեսել Աշոտին:
Նշենք, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը Auroranews - ին հայտնել էր, որ Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի վերաբերյալ հաղորդում ստացել են․ «Ոստիկանությունը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ, կազմված փաստաթղթերը կուղարկվեն Քննչական կոմիտե»։