Սուդանում վերսկսվել են բախումները. զոհերի թիվը հասել է 822-ի

Սուդանի բանակը և «Արագ արձագանքման ուժերը» (հատուկ ջոկատներ) այսօր շարունակել են հակամարտությունը Խարթումում և նրա շրջակայքում։ Ըստ տեղում աշխատող լրատվամիջոցների՝ պայթյունների ձայներ են լսվում մի քանի շրջաններում։ Տեղեկությունը հայտնում է ТАСС գործակալությունը:

 

Նշվում է, որ ըստ Al-Hadath հեռուստաալիքի տեղեկատվության՝ կատաղի բախումներ են  տեղի ունեցել Խարթումից արևելք և հարավ: Մայրաքաղաքի բնակիչները հայտնում են հատուկ ջոկատայինների տեղակայման վայրերի հրետակոծությունների և օդային հարվածների մասին։

 

Մայիսի լույս 16-ի գիշերը, ըստ Al-Hadath-ի տվյալների, հակամարտող կողմերը գնդակոծել են Հյուսիսային Խարթում և Օմդուրման քաղաքները։

 

Ինչպես այսօր հայտարարել է Սուդանի բժիշկների արհմիությունը, Սուդանում բանակի և «Արագ արձագանքման ուժերի» միջև բախումների հետևանքով զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 822-ի։ Մայիսի 2-ին Սուդանի բժիշկները հայտնել էին, որ հակամարտության զոհ է դարձել 447 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 2200-ը:

Քաղաքականություն