Հուշարձանների պահպանման կանոնների խախտման համար տույժերի չափերը կխստացվեն

ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, որով խստացվում են պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման կանոնների խախտման համար տույժերի չափերը: 

 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ԱԺ հանձնաժողովում նշել է Գալստյանը:

 

«Ցավոք, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության, օգտագործման, պաշտպանության ներկա իրավիճակը բավական հեռու է բավարար լինելուց: Եվ հուշարձանների նկատմամբ բավարար վերահսկողական գործուն մեխանիզմների բացակայությունն է դրան նպաստում»,-ասել է Գալստյանը:

 

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոների խախտման հոդվածով ամրագրված նվազագույն աշխատավարձի 50-80-ապատիկի վարչական տույժը պատգամավորն առաջարկում է փոխարինել 100-150-ապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ տուգանքը սահմանել՝ 300-350-ապատիկի չափով: Իսկ 6 ամսվա ընթացքում խախտումը կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 400-ապատիկի չափով:

 

«Սա հանրային և հասարակական պատասխանատվությունը շատ ավելի խստացնող նորմ է: Այն կունենա կանխարգելիչ նշանակություն»,-ասել է Լիլիթ Գալստյանը:

 

Պատգամավորը կարծում է, որ սա ամբողջությամբ չի լուծի պաշտպանության հետ կապված խնդիրները, սակայն կարևոր քայլ է համարում բնության, պատմության և մշակույթի հուշարձանների պաշտպանության ոլորտում:

Քաղաքականություն