
Երևանում արտադրամասի գործունեություն է կասեցվել. սարքավորումները մաքուր չեն եղել

Երևանում կասեցվել է «Արնուշ» ընդեղենի մածուկների արտադրամասի արտադրական գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Տեսուչների իրականացրած ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրամասը գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով։
«Արտադրական շինությունը չի ունեցել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներ, սարքավորումները պատշաճ մաքրված և ախտահանված չեն եղել, չեն իրականացվել միջատազերծման և կրծողների ոչնչացման աշխատանքներ, չեն եղել սանհանգույցներ, անձնակազմի համար հանդերձարան»,– ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ տեսչական մարմնի` սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ, արտադրական շինությունում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար ժամկետ է սահմանվել: