Ճանապարհային ոստիկանության տուգանքների կրկնակի գանձումը կբացառվի

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը բարելավում է քաղաքացիների սպասարկման համակարգը: Օրերս ներդրվել է խմբային վճարումների ընդունման նոր ծրագիր, որը հնարավորություն կտա քաղաքացիներին կատարել վճարումներ միաժամանակ մի քանի կատարողական վարույթներով։ 

 

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության քաղաքացիների սպասարկման բաժնի պետ Խաչատուր Իգիթյանը՝ նշելով, որ արդյունքում հեշտացվելու է ինչպես իրենց աշխատակիցների, այնպես էլ քաղաքացիների աշխատանքը:

 

«Ենթադրենք, քաղաքացին 10 վարույթով պետք է կատարեր վճարումներ: Դրա համար առանձին-առանձին գործողություններ կատարելու անհրաժեշտություն կա: Այժմ աշխատակիցը մեկ գործողությամբ ընդհանուր գումարը գանձում է, արդյունքում խնայվում է թե քաղաքացու, թե աշխատակցի ժամանակը»,-ասել է Խաչատուր Իգիթյանը:

 

Նշվում է, որ ծառայության պաշտոնական կայքէջում ներդրվել է «Անձնական գրասենյակ» էլեկտրոնային հարթակը, որտեղ գրանցվելով, քաղաքացին հնարավորություն է ունենալու ծանոթանալու իր նկատմամբ առկա կատարողական վարույթներին, հետևել կատարողական գործողությունների ընթացքին, վճարումների դեպքում հետևել դրանց շարժընթացքին:

 

Ըստ բանախոսների՝ ամենահաճախ հանդիպող խնդիրներից է Ճանապարհային ոստիկանության տուգանքների կրկնակի գանձումը, երբ քաղաքացին վճարում է, սակայն որոշ ժամանակ անց նրա հաշվից կրկին գանձվում է այդ գումարը: Կրկնակի գանձված գումարն էլ հետ վերադարձնելու համար քաղաքացին ստիպված է լինում քաշքշուկների միջով անցնել: Գլխավոր հարկադիր կատարողի օգնական, մամուլի քարտուղար Վարդուհի Պետրոսյանը տեղեկացրել է, որ խնդրի լուծման ուղղությամբ համակարգային մոտեցում է ցուցաբերվում:

 

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը Կենտրոնական բանկի և մյուս գործընկերների հետ համապատասխան ծրագրային բարելավումներ է կատարել, որը նպատակ ունի հետագայում բացառել կրկնակի գանձնման գործընթացները: Օրինակ, քաղաքացին խախտումը կատարել է, սակայն ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված ուշ է վճարում, դա այն փուլն է, երբ արդեն վարույթ է հարուցվում ծառայությունում: Նման դեպքում բռնագանձումը կատարվում է ավտոմատ կերպով, և հարկադիր կատարողը չի կարողանում տեսնել այդ պահին քաղաքացին վճարում կատարել է, թե ոչ: Նոր ծրագրով այդ բացերը կլրացվեն ու հետագայում կբացառվեն կրկնակի գանձումները կամ վճարումները»,-նշել է նա:

Քաղաքականություն