
ԵՊՀ-ից խարդախությամբ հափշտակվել է մոտ 5,7 մլն դրամ գումար. գործը դատարանում է

2019 թվականին «Երևանի պետական համալասարան» հիմնադրամում առանձնապես խոշոր չափերի չարաշահումների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակում, նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել Հիմնադրամի կարիքների համար ձեռք բերված սարքավորումների գնման գործընթացի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Գլխավոր դատախազությունը։
«Մասնավորապես՝ Քննչական կոմիտեում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի՝ 2016 թվականի հրամանով, Հիմնադրամի կարիքների համար էլեկտրակենցաղային սարքավորումներ ձեռք բերելու համար ստեղծվել է գնահատող հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են նախագահ Ա.Ղ.-ն, անդամներ Մ.Ս.-ն, Կ.Մ.-ն, Ս.Հ.-ն և քարտուղար Ե.Ս.-ն:
Բաց ընթացակարգով էլեկտրական սարքավորումների ձեռքբերման ընթացակարգի հայտարարության և հրավերի տեքստերն ուղարկվել են շրջանակային համաձայնագիր կնքած անձանց էլեկտրոնային հասցեներին և սահմանվել հայտերի ընդունման վերջնաժամկետ: Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել միայն «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գնումների վարչության գնումների մասնագետ Ա.Մ.-ի ամուսինը՝ անհատ ձեռնարկատեր Է.Մ.-ն, և «Մարինե-90» ՍՊ ընկերությունը:
2016 թվականի մայիսի 31-ին Հանձնաժողովի անդամները նվազագույն գնային առաջարկ ներկայացրած Է.Մ.-ից պահանջել են ներկայացնել որակավորման չափանիշների համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթեր:
Հիմնադրամի գնումների վարչության գնումների մասնագետ Ա.Մ.-ի ամուսին Է.Մ.-ն, իրականությունը խեղաթյուրելու, մրցույթում հաղթող ճանաչվելու և Հիմնադրամի ռեկտորի կողմից 2016 թվականի մայիսի 20-ին հաստատված էլեկտրատեխնիկայի, ռադիոտեխնիկայի և կենցաղային սարքավորումների գնման նախահաշվում նշված տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող էլեկտրակենցաղային սարքավորումներ մատակարարելու դիտավորությամբ, գրություն է ուղարկել Հանձնաժողովին, որ ապրանքների տեխնիկական բնութագրերը համապատասխանում են նախատեսված բնութագրերին:
Հանձնաժողովի անդամները, անձնական շահագրգռվածությունից ելնելով, նոր մրցույթ չհայտարարելու հանգամանքով պայմանավորված, ԵՊՀ շահերին հակառակ, հօգուտ Է.Մ.-ի, որոշել են չմերժել Է.Մ.-ի ներկայացրած գնման ընթացակարգերին ակնհայտ չհամապատասխանող հայտը, որից հետո Է.Մ.-ն 7 մլն 155 հազար 967 դրամով տեխնիկական բնութագրերից տարբերվող էլեկտրակենցաղային սարքավորումներ է ձեռք բերել (19 սառնարան, 17 հեռուստացույց, 23 օդորակիչ), որի համար ԵՊՀ-ն դուրս է գրել 12 մլն 830 հազար դրամ:
Հրավերի տեխնիկական բնութագրից տարբերվող նշված ապրանքատեսակների մատակարարման վերաբերյալ Է.Մ.-ի Ա/Ձ-ի և «ԵՊՀ» հիմնադրամի միջև՝ ի դեմս ռեկտորի, կազմվել են հանձնման-ընդունման ակտեր, որից հետո Է.Մ.-ի կողմից ՀՀ-ում գործող այլ մատակարարից ձեռք բերված և հենց նրա կողմից անմիջապես Հիմնադրամին մատակարարված 7 մլն 155 հազար 967 դրամի ապրանքների դիմաց «ԵՊՀ» հիմնադրամը բանկային փոխանցմամբ Է.Մ.-ի Ա/Ձ-ին վճարել է 12 մլն 830 հազար դրամ. արդյունքում Է.Մ.-ն խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 5 մլն 674 հազար 33 դրամ չհիմնավորված հավելյալ գումար:
2023 թվականի ապրիլի 28-ին նախաքննության ընթացքում մեղադրյալ Ս.Հ.-ի նկատմամբ կիրառվել է քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում՝ «Էրեբունի-Երևան հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված օրենքի դրույթների կիրառմամբ:
2023 թվականի ապրիլի 20-ին և 21-ին Ա.Ղ.-ի, Մ.Ս.-ի և Կ.Մ.-ի նկատմամբ դատախազի նախաձեռնությամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ), իսկ Է.Մ-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն):
Հսկող դատախազը 2023 թվականի մայիսի 10-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան»,- նշվում է հաղորդագրության մեջ: