
Իգոր Խաչատուրովի քրգործը պայմանավորված է իր քաղաքական դիրքորոշմամբ և ազգանվամբ. փաստաբան․ ԶԼՄ

Առաջադրված մեղադրանքում ճանաչվել է Իգոր Խաչատուրովի անմեղությունը, նա արդարացվել է։ Այս մասին ArmeniaToday-ի հետ զրույցում ասել է Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։
Վճիռը կայացրել է դատավոր Տաթևիկ Գրիգորյանը։ ՔԿ-ն մայր գործից Խաչատուրովին վերաբերող մասն անջատելուց և նախաքննության ավարտ հայտարարելուց հետո տարածած հաղորդագրությունում մասնավորապես նշում էր, որ ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու ընթացքում «Իգոր Յուրիի Խաչատուրովը, ակցիայի մեկ այլ մասնակցի հետ, խոչընդոտել էր փողոցն ազատելու և անձանց բերման ենթարկելու՝ ՀՀ ոստիկանության տեսուչի գործողություններին, նրա նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն էր գործադրել՝ բռունցքով մի քանի անգամ հարվածելով նշված աշխատակցի կրծքավանդակի և որովայնի հատվածներին, որպիսի գործողությունները կապված են եղել վերջինիս ծառայողական պարտականությունների կատարման հետ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Ի.Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, և որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանավորումը»:
ՔԿ-ի բավարար ապացույցների, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների ոչ հավաստի լինելու մասին փաստաբան Պողոսյանը խոսում էր դեռ նախաքննության փուլում՝ պնդելով, որ մեղադրանքն անհիմն է։ Անդրադառնալով պաշտպանյալի 2 ամսով կալանավորված լինելու փաստին՝ փաստաբանը նշել է, որ այդ որոշումը ևս ապօրինի էր։
«Այն բողոքարկվել է մի քանի փուլով, և այդ կալանքի որոշումն անփոփոխ թողողներն իշխանության սրտի դատավորներն են եղել»,- նկատել է փաստաբան Պողոսյանը։ Քննչական կոմիտեի նախական հաղորդագրության մեջ նշվում էր, որ Իգոր Խաչատուրովն, ամենայն հավանականությամբ, թմրանյութ էր օգտագործել։
Պողոսյանն ասել է․ «Այդ դրվագը հերքվել էր դեռ նախաքննության փուլում, բայց հիմա էլ ասում եմ՝ այս գործով նման հաղորդագրություն գրողը պետք է ենթարկվի դատահոգեբուժական փորձաքննության, որ հասկանանք՝ իր մոտ ամեն ինչ նորմա՞լ է»։
Միհրան Պողոսյանի փոխանցմամբ՝ Իգոր Խաչատուրովը, դատարանում իր ելույթի ժամանակ, նշել է, որ այս գործը պայմանվորված է իր քաղաքացիական քաղաքական դիրքորոշմամբ և, առհասարակ, Խաչատուրով ազգանվամբ։