![Շատ ուրախ կլինեմ. Փաշինյանը` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման մասին](https://auroranews.am/storage/img/base_image/old/015e196248bacb2cad76fdc64d4d5d0f.webp)
Շատ ուրախ կլինեմ. Փաշինյանը` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման մասին
![Շատ ուրախ կլինեմ. Փաշինյանը` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման մասին](https://auroranews.am/storage/img/base_image/old/015e196248bacb2cad76fdc64d4d5d0f.webp)
Մայիսի 3-ին տեղի ունեցած Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրել է՝ Բլինքեն-Բայրամով-Միրզոյան եռակողմ հանդիպումը նույն հարթակո՞ւմ է, ինչ Լավրով-Բայրամով-Միրզոյան հանդիպման ձևաչափը, այդտեղ նույն հարցե՞րն են քննարկվում, և հետաքրքրվել՝ ո՞ւմ որոշմամբ է Ռուբեն Ռուբինյանը մեկնել Վաշինգտոն:
Պատգամավորի հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Վաշինգտոնում քննարկվում է այն, ինչ ինքն արդեն ներկայացրել է ԱԺ դատին:
«Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի առաջարկների փաստաթուղթ կա սեղանին: Հանձնարարել եմ, որ ԱԳՆ-ն ձեզ ծանոթացնի այդ փաստաթղթին՝ և՛ ադրբեջանական, և՛ հայկական առաջարկներին, չեք ուզել»,- շեշտել է ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը Վաշինգտոն է մեկնել իր քաղաքական որոշմամբ:
Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվել է նաև, թե հնարավո՞ր է Վաշինգտոնում քննարկված փաստաթղթի հիման վրա հունիսի 1-ին Քիշնևում Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի՝ Պրահայում անցկացված հանդիպման ձևաչափով:
«Եթե այդպես լինի, ես շատ ուրախ կլինեմ: Դա ոչ թե վատ, այլ լավ նորություն է: Քանի որ հիմա բանակցություններ են ընթանում, իմ արած որևէ դրական կամ բացասական մեկնաբանություն ազդելու է դրանց ընթացքի վրա: Վաշինգտոն մեկնած պաշտոնյաներին ասել եմ՝ ազատ բանակցեք ու մեր՝ հրապարակային արտահայտած կարծիքների շրջանակում: Շեշտել եմ՝ իմացեք՝ ձեր բանակցած փաստաթուղթն Ադրբեջանի հետ ես եմ ստորագրելու»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Արցախի թեմային ու հայտնել, որ քանի դեռ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ֆիքսված կետ չկա, Արցախի կարգավիճակի մասին հարցին չի կարողանա պատասխանել. «Երբ բանակցություններն Ադրբեջանի հետ արդեն փակված լինեն, տեքստը պատրաստ լինի, ու ես հայտարարեմ՝ մեկնում եմ խաղաղության պայմանագիր ստորագրելու, այդ ժամանակ միայն կկարողանամ հստակ պատասխանել Արցախի մասով բանակցված տարբերակին»,- ասել է երկրի վարչապետը: