
ՌԴ-ն հետ է կանչում Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարին. Инфотека24

Ռուսաստանի իշխանությունները որոշել են հետ կանչել Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ալեքսանդր Վոլկովին՝ նրան փոխարինելով մեկ այլ սպայով։ Այս մասին գրում է Инфотека24-ը:
«Հրապարակ»-ն էլ գրում է, որ այս փոփոխությունը նշանակում է, որ ռուսական կողմը դժգոհ է Վոլկովի գործունեությունից եւ Արցախում ադրբեջանցիների վարքը նաեւ ռուս հրամանատարի թողտվությամբ է բացատրում, ուստի որոշել է ավելի փորձառու անձ բերել, որը նաեւ ավելի բարձր կարգավիճակ եւ կապեր ունի։
«Նոր հրամանատարին, մեր տեղեկություններով, հրահանգված է զսպել ադրբեջանական աճող ագրեսիան եւ վերահսկողությունը կրկին վերցնել իր ձեռքը։ Ռուսական շրջանակներից մեզ փոխանցեցին, որ նոր հրամանատարին ասվել է, որ ՌԴ-ի համար կարմիր գիծ է Արցախի ճանապարհի բնականոն գործելը եւ ճանապարհին դրվող անցակետը պետք է բացառապես ռուսական զինուժի կողմից վերահսկվի։
Արցախից մենք տեղեկացանք, որ Ալեքսանդր Վոլկովն արդեն պատրաստվում է մեկնել։ Ենթադրվում է, որ մոտ օրերս կժամանի նոր հրամանատարը, որն արդեն ճանապարհին է»,- գրում է օրաթերթը։