Փաշինյանի խորհրդրականներից մեկը կկապվի ծնողներից Արման Բարսեղյանի հետ. նրանք բացեցին Ամիրյան փողոցը

Ազատ գյուղի զինվորական կացարանում հունվարի 19-ին բռնկված ողբերգական հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների ծնողները, որոնք վաղ առավոտից վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման պահանջով բողոքի ակցիա են անցկացնում, բացեցին Ամիրյան փողոցը։

 

Ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Փաշինյանի խորհրդրականներից մեկը կկապվի ծնողներից Արման Բարսեղյանի հետ, ինչից հետո պարզ կդառնան հետագա անելիքները։

 

«Ինձ զարմացնում է այս համառությունը, թե ինչու են նախարարը եւ վարչապետը ձեռնպահ մնում հանդիպումից։ Քննությունն այստեղ խոչընդոտ չի կարող լինել։ Հենց իրենք այս երեք ամսում պետք է հանդիպում նախաձեռնեին, ծնողներից ներողություն խնդրեին, որ խաղաղ պայմաններում են զոհվել զինվորները»,- նշել է Նորիկյանը։

 

Հիշեցնենք, որ վաղ առավոտից զոհված զինվորների ծնողները բողոքի ակցիա են անում Կառավարության առաջ՝ Նիկոլ Փաշինյանի եւ Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման պահանջով։ Նրանք փակեցին Տիգրան Մեծի պողոտան, ինչից որոշ ժամանակ անց նրանց վստահեցրին պահանջը փոխանցել Կառավարության նիստի ավարտից հետո։ Ծնողները ժամանակավորապես բացեցին ճանապարհը։

 

 

Քաղաքականություն