Սերժ Սարգսյանն արձագանքել է Փաշինյանին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր անդրադարձել է ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին։ 

 

Մասնավորապես, անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե հենց իրենց իշխանության օրոք է առաջին անգամ Ռուսաստանը Ադրբեջանի հետ բազմամիլիարդանոց զենքի գործարք արել, և որ այդ մասին տեղեկացել է Սերժ Սարգսյանի կողմից գրված մի նամակից, նախկին նախագահն ասել է. «Դժվար է ինձ մեկնաբանել, որովհետև եթե Հայաստանի կառավարիչը ԱԺ ամբիոնից փորձում է խոսել իմ կողմից ստորագրված գաղտնի գրիֆով նամակի մասին, էլ ի՞նչ ասեմ։ Միայն կարող եմ ասել հետևյալը, որ ես երբեք որևէ փաստաթուղթ՝ լինի դա նամակ, համաձայնագիր կամ որևէ այլ փաստաթուղթ, լինեն դրանք գաղտնի գրիֆով, թե սովորական, երբեք որևէ մի բան չեմ ստորագրել, որի համար որևէ հայ կարող է ամաչել։

 

Թող անհամեստ չհնչի, ընդհակառակը՝ բոլոր փաստաթղթերը եթե հրապարակեն, մարդիկ կտեսնեն, թե ինչպես է պաշտպանվել հայկական շահը, հայկական պետությունների շահը։ Ես  պնդում եմ, թող հրապարակի։ Եթե չհրապարակի, ապա ինքը ստախոս է»։

 

Նա անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. «Խաղաղության այդպես չեն գնում։ Խաղաղության գնում են երկիրը պաշտպանելով, ցույց տալով, որ իրենք ունակ են պաշտպանելու սեփական քաղաքացիների անվտանգությունը, ցույց տալով, որ գոնե այսքան ձախողումներից հետո չի կարող ադրբեջանցի զինվորը մտնել Հայաստանի Հանրապետություն և մի քանի օր շրջել Հայաստանի Հանրապետությունում։ 

Այդպիսի երկրի հետ ո՞վ կգնա խաղաղության»։

 

Ըստ Սարգսյանիմ եթե այս պայմաններում ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, ապա դա նշանակում է, որ այդ փաստաթղթում ևս անտեսվելու է հայկական շահը։