ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կամչատկայում հրաբխի հզոր ժայթքում է եղել
Ապրիլի 11-ի գիշերը ՌԴ Կամչատկայի մարզում Շիվելուչ հրաբխի հզոր ժայթքում է տեղի ունեցել։ Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ հրաբխային մոխիրը ծածկել է մոտակա գյուղերը։
Հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Օզերովի խոսքով՝ ապրիլի 11-ի գիշերը Շիվելուչ հրաբխի ժայթքումը հասել է հատկապես ուժեղ փուլի։ Հրաբխի տեսահսկումը դժվարանում է ցիկլոնի, ձյան տեղումների և բքի պատճառով։ Մոխրի արտանետման բարձրությունը եղել է 15-ից 20 կիլոմետր։ Հրաբխին տրվել է ավիացիոն վտանգի ամենաբարձր «կարմիր» կոդը։
Շիվելուչը Կամչատկայի ամենահյուսիսային գործող հրաբուխն է։ Հեռավորությունը Շիվելուչից Պետրոպավլովսկ-Կամչատսկի 440 կմ է, մինչև Կլյուչի գյուղը՝ 47 կմ։ Բլրի բարձրությունը 3283 մ է, ակտիվ մասի ամենաբարձր կետը՝ ծովի մակարդակից 2800 մ։ Հրաբխի տարիքը հաշվվում է 60-70 հազար տարի:
18-րդ դարի վերջից Շիվելուչ հրաբուխը ժայթքել է առնվազն 10 անգամ։