Հրատապ ձևավորել ԱԺ էթիկայի հանձնաժողով և քննության առնել Ալեն Սիմոնյանի վարքագիծը. Հայտարարություն

10-ից ավելի լրագրողական ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարքագիծը քննել ԱԺ էթիկայի հանձնաժողովում:

 

Հայտարարությունում ասվում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս արտահայտել է հստակ դիրքորոշում, որ բռնությունը մեր կյանքում տեղ չունի: Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները շարունակում են նախկին նախահեղափոխական ռեժիմի բարձրաստիճան ներկայացուցիչների արատավոր բարքերը։

 

Համաձայն մամուլի հաղորդումների՝ 2023 թվականի ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացի Կարեն Մկրտչյանի միջև հանրային վայրում տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ վերջինս Ա. Սիմոնյանին տեսնելիս նրան անվանել է «դավաճան»։

 

ԱԺ նախագահը հրահանգել է իր անվտանգության աշխատակիցներին բռնել Մկրտչյանին, իսկ ինքը, մոտենալով քաղաքացուն, նվաստացրել է վերջինիս՝ հայհոյելով ու թքելով դեմքին։  Դեպքից հետո, Ա. Սիմոնյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ոչ միայն չի զղջացել, այլև արդարացրել է իր արարքը։

 

Ափսոսանքով ենք արձանագրում, որ ՀՀ խորհրդարանի ղեկավարն իր անձնական օրինակով խրախուսում է պահպանել  պետական կառավարման նախկին խայտառակ ավանդույթները, իր վարքագծով արդարացնում է  հակահասարակական վարվեցողությունը։

 

Խստորեն դատապարտելով ԱԺ ղեկավարի նման պահվածը՝ պահանջում ենք Ազգային Ժողովի պատգամավորներից, և հատկապես քաղաքական մեծամասնությունից, ջանքեր գործադրել բացառելու հանրային պաշտոնյաների՝ իրավական պետության արժեքներին անհարիր, ցինիկ և անպատասխանատու վարքագիծը: Հորդորում ենք ՀՀ Ազգային ժողովի մեծամասնությանը՝ հրատապ ձևավորել էթիկայի հանձնաժողով և քննության առնել տեղի ունեցածը, ինչպես նաև դիտարկել ԱԺ նախագահի պատասխանատվության ենթարկելու հարցը։

 

Տեղի ունեցածը նաև պետք է քննության առարկա դառնա իրավապահ մարմինների կողմից, մասնավորապես, քրեական վարույթի շրջանակներում՝ խուլիգանության հանցակազմի մասով:

 

Հայաստանում մեկընդմիշտ պետք է վերջ դրվի խուլիգանական մեթոդներով հարցեր լուծելու պրակտիկային, խստագույն պատասխանատվություն պետք է սահմանվի անգամ ամենասուր քննադատությանը բռնությամբ արձագանքելու համար:

 

ՀՀ Ազգային ժողովի յուրաքանչյուր պատգամավոր իր ամենօրյա վարքով, պահվածքով, խոսքով պետք է ապացուցի, որ արժանի է լինելու իր ժողովրդի ընտրյալը»

Քաղաքականություն