Լեհաստանը նախատեսում է Հայաստանում ԵՄ դիտորդների ներգրավվածության ընդլայնում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 3-ին ընդունել է Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգիելի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանն արձանագրվել է երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացումը:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ միջխորհրդարանական համագործակցությունը հայ-լեհական միջպետական հարաբերություններում կարեւոր ձեւաչափ է`առանձնացնելով երկու խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ արդյունավետ փոխգործակցությունը:
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Խոսելով 2023 թվականին Լեհաստանում կայանալիք ընտրություններից` լեհ գործընկերները հավաստիացրել են, որ դրանք ազդեցություն չեն ունենալու Հայաստանի հետ իրականացվելիք համագործակցության եւ օրակարգային հարցերի վրա. մասնավորեցվել է հատկապես հայ-լեհական համագործակցությունը Հայաստան-ԵՄ շրջանակում: Լեհ գործընկերները նշել են, որ Հայաստանը համարում են եվրաընտանիքի անդամ եւ հետեւում են մեր երկրում կատարվող քայլերին:
Կողմերը մեծ նշանակություն են տվել նաեւ միջազգային խորհրդարանական վեհաժողովների շրջանակում երկու բարեկամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների միջեւ կառուցողական փոխգործակցությանը:
ՀՀ ԱԺ նախագահն առանձնահատուկ կարեւորել է Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումն Ադրբեջանի հետ սահմանին, ինչը բարենպաստ է անվտանգության, տարածաշրջանում կայունության ապահովման եւ տեղում վստահության ձեւավորման առումով: «Տեղյակ ենք նաեւ, որ այս տարվա կեսին Լեհաստանը նախատեսում է առաքելությունում դիտորդների ներգրավվածության ընդլայնում, ինչը մեզ համար մեծապես ողջունելի է»,- ասել է նա:
Եզրափակելով խոսքը` ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին եւ հույս ունի, որ Ադրբեջանը նույնպես իր գործողություններն ու հռետորաբանությունը կհամապատասխանեցնի մեր տարածաշրջանում խաղաղության եւ համագործակցության իր հայտարարած նպատակին: Այս համատեքստում նա հիշատակել է Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ Լեհաստանի Սենատի ընդունած բանաձեւը, որում կոչ է արվում անհապաղ բացել միջանցքն առանց նախապայմանների: «Մենք ակնկալում ենք մեր գործընկերներից անօրինական եւ անմարդկային գործողությունների դատապարտում` ընդհուպ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում»,- ասել է Ալեն Սիմոնյանը:
Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարն Ալեն Սիմոնյանին է փոխանցել Լեհաստանի Սեյմի նախագահ Էլժբիետա Վիտեկի` Լեհաստան պաշտոնական այցի հրավերը:
Նմանատիպ հոդվածներ
Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը. Ալեն Սիմոնյան
«Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը: Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմ...
Քաշքշուկ՝ Ազգային ժողովում. պատգամավորները հարվածել են իրար
Hraparak.am-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել ը...
ԱՄՆ Հետախուզական համայնքը Ադրբեջանին ճանաչել է որպես Հարավային Կովկասի ագրեսոր
ԱՄՆ-ի հետախուզական հանրությունը վերջնականապես ճանաչել է Ադրբեջանը որպես Հարավային Կովկասում խաղաղության առաջնային սպառնա...
Հայաստանի իշխանությունները նույնպես կարող են գլխացավանքի մեջ ընկնել․ Լապշին
Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում Ռուսաստանի պահանջով ձերբակալվել է մոբիլիզացիայից Հայաստան փախած 23-ամյա Ռուսաստանի քաղա...