«Մեզ համար ճանապարհը մեկն է»․ Օհանյան

Ներկայիս իշխանության օրոք բանակը կազմաքանդվել է, մարտունակությունն իջեցվել, հատկապես կառավարման համակարգում լուրջ թերություններ ենք ունեցել: Եռաբլուրում News.am-ի հետ զրույցում ասել է պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

 

Նշենք, որ այսօր լրանում է Ապրիլյան պատերազմի 7-րդ տարին, և «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են «Եռաբլուր»:

«Ներկայիս իշխանության ծրագրում գրված է, որ պետք է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննել, սակայն անցել է երկու տարի, և ինչ են արել՝ ոչինչ, իսկ սլաքներն ուղղում են բանակի վրա միայն: Պետք է գնահատական տրվի, թե պատերազմի ժամանակ ինչ են արել օրենսդիր և գործադիր մարմինները պետական ու ռազմական կառավարման ուղղություններով: Պետք է հասկանանք, թե ինչ են կատարել դատաիրավական մարմինները»,-ասաց նա:

 

Օհանյանը վստահեցրել է, որ, օրինակ, իր ղեկավարման ժամանակ 1500 չվերթ սպառազինություն և ռազմական տեխնիկա են ներկրել, հիմնականում ՌԴ-ից: Ըստ նրա՝ ներկայիս իշխանության ներկայացուցիչները, երբ խոսում են բանակի սպառազինության մասին, պետք է վերլուծություն կատարեն:

 

Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, ապա այն, ըստ Օհանյանի, լարված եղել է և միշտ էլ լարված է մնալու: 44-օրյա պատերազմից հետո այլ իրավիճակ է ստեղծվել, և հակառակորդն անընդհատ սաստկացնում է ճնշումները Հայաստանի և Արցախի նկատմամբ:

 

Նրա խոսքով՝ ռազմաքաղաքական իրավիճակն այսօր այնպիսինն է, որ տարածաշրջանային զարգացումների վրա կարող են ազդել նաև աշխարհաքաղաքական իրադարձությունները, ինչից էլ օգտվում են մեր հակառակորդները. «Հակառակորդն այժմ աշխատում է ինչպես Արցախի հայաթափման վրա, այնպես էլ ՀՀ-ի շուրջն է օղակը սեղմում, որպեսզի ստանա այն, ինչի համար պայքարում են՝ սահմանների ճշգրտման գծում ավելի լավ դիրքեր զբաղեցնել և միջանցք ունենալ: Մեզ համար ճանապարհը մեկն է՝ պետք է լուրջ աշխատանք կատարվի անվտանգության համակարգի ձևավորման համար, իսկ դրա համար պետք են ազգային և միջազգային երաշխիքներ»:

 

Ըստ նրա՝ ազգային երաշխիքները մեր բանակն է, տնտեսությունը, համախմբվածությունը, ուժային կառույցները, իսկ միջազգային երաշխիքներն էլ լայն ընդգրկվածություն ունեցող արտաքին քաղաքականությունն է լուրջ բանակցային գործընթացներով:

Քաղաքականություն

Պատահարներ