««Հայաստան» խմբակցության պատգամավորը բառիս ուղիղ իմաստով հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Քիչ առաջ ծեծկռտուք է եղել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում՝ փակ քննարկման ժամանակ։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Radar Armenia-ի հետ զրույցում պատմել է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Մհեր Սահակյանը հարվածել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։
«Այսօր՝ մոտ մեկ ժամ առաջ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքական մի շարք հարցեր, նաև հրավիրված է եղել Եղիշե Կիրակոսյանը։ Քննարկման ընթացքում, առանց որևէ հիմնավորման և դրդապատճառի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյան անունով ոմն անձնավորություն բառիս ուղիղ իմաստով հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա։
Կրկնում եմ՝ առանց դրդապատճառի և հիմնավորման։ Հոնքի հատվածում հասցրել է մարմնական վնասվածք, կարիք կա կարեր դնելու։ Մենք դիմել ենք և ոստիկանություն, և դատախազություն, որպեսզի այս գործողությունն ունենա քրեաիրավական հետևանք։ Ուզում եմ նաև նշել մանրամասն, որ Մհեր Սահակյանը հարձակվել, հարվածել է պարոն Վարդանյանին, անմիջապես փախել է հարվածելուց հետո և թաքնվել Ազգային ժողովի անկյուններից մեկում։ Ոստիկանությունը նրան կգտնի, և հուսով եմ, որ կլինի քրեաիրավական հետևանք»,- ասել է Հովհաննիսյանը։
Այս մասին հայտնում է նաև ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյան։
«Քիչ առաջ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել:
Այս խայտառակ խուլիգանությունը պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանք»,- ասել է պատգամավորը