Բոլորը կարճ ժամանակ զբաղված են լինելու այլ հարցերով, ինչը կօգնի մեզ Սյունիքում անվտանգություն ապահովել․ միջազգայնագետ

Վերջին շրջանում Իրանի շուրջ բավականին հետաքրքիր իրադարձություններ են զարգանում. Խոսվում էր Իրանի դեմ լայն կոալիցիայի ձևավորման, ինչպես նաև ռազմական գործողություններ սկսելու մասին: Դրա խայծը համարվում էր և շարունակում է համարվել Ադրբեջանը, որից պետք է օգտվեն Թուրքիան, Իսրայելը, ԱՄՆ-ն և դրա մասին բացեիբաց հայտարարում են բոլորը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնգետ Սուրեն Սարգսյանը:

 

Նա նաեւ նշել է. «Սակայն հետաքրքիր զուգադիպությամբ Իրանի շուրջ սեղմվող օղակը ճաքեր տվեց, մի շարք իրողությունների ձևավորմամբ և նման «միասնական օպերացիայի» հավանականությունը մի փոքր նվազեց, բայց իհարկե չվերացավ:

  1. Նախ, Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը և նախատեսված ընտրությունները, իհարկե կարճաժամկետ կտրվածքով, այդուհանդերձ վերաշարադրեցին թուրքական իշխանությունների առաջնահերթությունները:
  2.  
  3. Չինաստանի միջնորդությամբ և երաշխիքներով Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների կարգավորումը հնարավորություն տվեց Իրանին հասանելի բոլոր տեսակի ռեսուրսները վերախմբավորել այլ ուղղություններով: Բնականաբար այս հաշտեցումը չէր համապատասպանում Իսրայելի, Թուրքիայի և ԱՄՆ շահերին, ինչի մասին առիթ ունեցել եմ գրելու:
  4.  
  5. Իսրայելում վերջին օրերին սկիզբ առած ներքաղաքական լուրջ ճգնաժամը Թել-Ավիվի իշխանություններին նույնպես ստիպեց կարճաժամկետ կտրվածքով վերաշարադրել առաջնահերթությունները, այդ թվում հայտարարվող «Իրանի դեմ գործողությունների» մասով, մանավանդ որ Նեթանյահուի նկատմամբ ԱՄՆ-ից էլ ճնշում կա:
  6.  
  7. ԱՄՆ-ն կանգնած է նախընտրական եռուզեռի եզրին և արտաքին քաղաքականության մեջ դեմոկրտաները չեն կարող ռիսկային քայլերի գնալ, քանի որ ունեցել են լուրջ տապալումներ և ցանկացած ցնցում, կամ առավել ևս տապալում խաղալու է ի օգուտ հանրապետականների թեկնածուի:

 

Չեմ բացառում, որ օրեր առաջ տեղի ունեցած Իրան-Ադրբեջան «օնլայն պատերազմը» զսպաշապիկ էր, որից հետո Իրանն ամենայն հավանականությամբ ՌԴ միջոցով Ադրբեջանին մեսիջ ուղարկեց, որ լուրջ է տրամադրված:

 

Իհարկե հավանականություն կա, որ որոշ երկրներ կարող են նաև ներքաղաքական խնդիրները խլացնելու նպատակով արտաքին արկածախնդրության գնալ, բայց ոչ բոլորը և ոչ միաժամանակ: 

 

Այս ամենը նշանակում է, որ բոլորը մի կարճ ժամանակ զբաղված են լինելու այլ հարցերով, ինչը ժամանակավոր պատուհան է բացում նաև մեզ համար՝ թեկուզ Սյունիքի անվտանգության ապահովման համար:

Չնայած, ու՞մ եմ ասում...»։

Քաղաքականություն

Պատահարներ