ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրակոցներ՝ ամերիկյան Նեշվիլ քաղաքի դպրոցներից մեկում․ կան զոհեր
ԱՄՆ Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքի մասնավոր քրիստոնեական դպրոցում հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ և հրաձիգը, ով իրականացրել է հանցագործությունը, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով տեղի հիվանդանոցի ներկայացուցչին։
Տեղի ոստիկանությունը Twitter-ում հայտնել է, որ հրաձիգը սպանվել է ձերբակալման ժամանակ։ Թերթի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքներով երեք երեխա հոսպիտալացվել է, բժիշկները նրանց մահն են արձանագրել արդեն հիվանդանոցում։
Ըստ որոշ աղբյուրների՝ երկու հրացանով և ատրճանակով զինված հրաձիգը, որը եղել է աղջիկ, սպանել է նաև երեք մեծահասակների։ «Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկել կրակողի դեմ, ով արդյունքում մահացել է»,- ասվում է ոստիկանության թվիթերյան էջում։
Նեշվիլի հրշեջ ծառայությունը հայտնում է «շատ զոհերի մասին», սակայն ստույգ թիվ չի նշվում։ Նշվում է, որ տեղի եկեղեցին ստեղծել է «վերամիավորման գոտի», որտեղ ծնողները կարող են վերցնել իրենց երեխաներին, ովքեր դպրոցում էին։
WKRN News-ը գրում է, որ առնվազն չորս մարդ է զոհվել, այդ թվում՝ կրակողը։ Հրապարակման աղբյուրը հայտնել է, որ կրակոցներից տուժած երեք երեխաներին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրանց փրկել չի հաջողվել։
Համաձայն դպրոցի կայքի տեղեկատվության՝ Covenant-ն ունի մոտավորապես 195-ից 210 աշակերտ մինչև վեցերորդ դասարան: