Օնիկ Գասպարյանն անուններ է տվել, նրանց էլ պետք է լսենք, որ հասկանանք՝ ինչը ինչից հետո է եղել. «ՔՊ»-ական պատգամավոր. ԶԼՄ

Վարդենիսի սահմանի ուղղությամբ կուտակումներ կան, վախ են ուզում ներշնչել, բայց վախեցող չկա, բանակն իր տեղում է: Հիմնականում փոքր կուտակումներ են, տեխնիկայի շարժ չկա, ուղղակի խմբերով մարդիկ են, մանևրում են, բայց պետք է պատրաստ լինենք: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

 

Անդրադառնալով ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին՝ պատգամավորը նշել է, որ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը պատերազմի ամբողջ ընթացքը ներկայացրել է և շատ հանգամանքեր են ի հայտ եկել. «Օնիկ Գասպարյանն անուններ է տվել, տեղակալներ և հրամանատարներ են եղել, որ նրանց էլ պետք է լսենք, կարողանանք ընդհանուր հասկանալ՝ ինչը ինչից հետո է եղել։ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն էլ է ցուցմունքներ տվել, թե մինչև 44-օրյա պատերազմը հետախուզությունը ի՞նչ է հայտնել: Մայիսին նաև վարչապետը կգա քննիչ հանձնաժողով, մյուսներն էլ կներկայանան, կարծում եմ, օրենք է ընդունվելու, որ բոլորը ներկայանան՝ Տիրան Խաչատրյան, Արտակ Դավթյան և մյուսները»:

 

Անդրադառնալով Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի վերջին հանդիպմանը և ՌԴ ԱԳՆ ղեկավարի հնչեցրած այն մտքին, որ 2020 թվականի հոկտեմբերին հնարավոր էր պատերազմը դադարեցնել, սակայն չի արվել, Մելքոնյանը նշել է, որ հայկական կողմը համաձայն է եղել, որ պատերազմը ավարտվի, բայց Ադրբեջանը չի համաձայնվել. «Հոկտեմբերի 17-ին պատերազմը դադարեցնելու ՌԴ-ի առաջարկին մերոնք համաձայնվել են, բայց Պուտինը դիմել է Ալիևին և նա չի համաձայնվել, Պուտինը չի կարողացել Ալիևին համոզի, որ պատերազմը կանգնեցվի»:

 

Իսկ ինչ վերաբերում է բանակում 5-րդ շարասյան ներկայությանը, ապա Մելքոնյանը նշել է, որ ՌԴ-ի թելադրանքով 5-րդ շարասյունը գործել է բանակում, որ խուճապ ստեղծվի և պարտվենք. «Պատերազմի սկզբի օրերին ամբողջ ռազմաճակատով խոսակցություններ գնացին, թե Նիկոլը հողերը տվել է, ինչի՞ եք կռվում, ՌԴ-ն այդ ժամանակ օգտագործեց 5-րդ շարասյունը, դա իր մոտ փայլուն ստացվեց, բանակում խուճապ մտավ, բայց հիմա էլ է շարասյունը աշխատում, քրգործեր կան, պետք է արագ բացահայտվեն, դանդաղում է աշխատանքը»:

Քաղաքականություն