Մոսկվան խրախուսում է Արցախի և Բաքվի միջև երկխոսության գաղափարը․ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Մոսկվան պաշտպանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության և իրավունքների ապահովման հարցերը պետք է լուծվեն հենց Ղարաբաղի և Բաքվի ներկայացուցիչների միջև։

 

Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ՌԴ գլխավոր դիվանագետը նշել է, որ Մոսկվան խրախուսում է կողմերին դա անել։ Դրանում, իհարկե, շահագրգռված է նաև Հայաստանն ասել է Լավրովն ու հիշել Դոնբասի հետ կապված իրավիճակի մասին․

 

«Իհարկե, մեզ համար կարևոր է հասկանալ, թե որքանով են որակյալ լինելու այդ պայմանավորվածությունները: Եթե ցանկանում եք իմանալ իմ կարծիքը, ապա կան շատ նորագույն պատմության օրինակներ, նույնը խոսվել է Մինսկի համաձայնագրերում, թե ինչ իրավունք ունեն բնակիչները։

 

Ուկրաինայի արևելյան հատվածը պետք է ունենա մայրենի լեզվի իրավունք, երեխաներին այս լեզվով ուսուցանելու, այս լեզվով ապրելու, աշխատելու, իրենց մշակույթը, կրոնը պահպանելու, տեղական ինքնակառավարման հնարավորություն ունենալու և ինչ-որ հատուկ կապեր ունենալու իրենց հայրենակիցների հետ։ Դոնբասի դեպքում դա Ռուսաստանն էր»,- ասել է Լավրովը։
 

Նրա խոսքով, Պրիշտինայի և Բելգրադի միջև 10 տարի առաջ ստորագրված պայմանագրով նախատեսված են նաև լեզվի, տեղական ինքնակառավարման, կրթության, մշակույթի իրավունքները։

 

ՌԴ ԱԳ ղեկավարի կարծիքով, մոտավորապես նույն իրավունքներն անհրաժեշտ կլինեն ղարաբաղցիներին՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի դրույթներին այդ երկրների հավատարմության հաստատման համատեքստում: 

 

«Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան արժանապատիվ կվարվեն նրանք, ումից կախված կլինի ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը։ Դոնբասի դեպքում որեւէ պարկեշտության մասին խոսք լինել չի կարող»,-հավելել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

 

Քաղաքականություն

Պատահարներ