Զեմանը 10 տարի անց լքում է Չեխիայի նախագահի պաշտոնը
Միլոշ Զեմանը լքում է Չեխիայի նախագահի պաշտոնը։ Չորեքշաբթի օրը լրանում է նրա երկրորդ հնգամյա մանդատը որպես պետության ղեկավար, իսկ հաջորդ օրը՝ հինգշաբթի, Պրահայի ամրոցում տեղի կունենա նրա իրավահաջորդի՝ բանակի պաշտոնաթող գեներալ Պետր Պավելի երդմնակալության արարողությունը։
Շատ չեխ քաղաքագետներ և լրատվամիջոցներ քննադատում են Զեմանի նախագահության տասնամյակը, հատկապես նրա արտաքին քաղաքականությունը: Նախկինում նա հանդես էր գալիս Չեխիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման օգտին, առաջին հերթին, տնտեսական դաշտում, սակայն 2022 թվականի փետրվարի 24-ից հետո նա արմատապես վերանայեց իր մոտեցումը։ Նրան քննադատում են նաև իր «չինականամետ դիրքորոշման համար»։ Չեխիայի ռադիոն այս կապակցությամբ հիշեցրել է, որ նա խոստացել է Չինաստանից 230 միլիարդ կրոն (մոտ 10,2 միլիարդ եվրո) ներդրումներ ներգրավել ազգային տնտեսություն, սակայն գործնականում ներդրումները աննշան են եղել:
Նախագահի պաշտոնում իր վերջին հարցազրույցում, որը հեռարձակվել է կիրակի CNN-ի Prima NEWS հեռուստաալիքով, Զեմանը պաշտպանել է իր դիրքորոշումը Չինաստանի հետ Չեխիայի տնտեսական հարաբերությունների զարգացման վերաբերյալ: Համագործակցության ընդլայնումը, ըստ նրա, բխում է հանրապետության շահերից։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ Չինաստանը Գերմանիայից հետո երկրորդ արտաքին առևտրային գործընկերն է։ Զեմանի խոսքով՝ Չինաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության ակտիվացմանը խոչընդոտում են չեխ քաղաքական գործիչների շփումները Թայվանի հետ, ինչը Պեկինը ընկալում է որպես սադրանք։