ԱՄՆ-ն պետք է պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի դեմ. կոնգրեսականը` ադրբեջանական դիվերսիայի մասին

 Ադրբեջանական զինուժի հարձակումը, որի հետևանքով զոհվել է արցախցի 3 ոստիկան, դիտավորյալ սպանության ևս մեկ գործողություն է: Վաշինգտոնը պետք է իր դիվանագիտական ուղիներն օգտագործի տարածաշրջանում անկայունությունը հարթելու համար: Նման հայտարարություն է արել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը: 

Նա շեշտել է, որ արցախցի ոստիկանների սպանությունից հետո է՛լ ավելի մեծ անհրաժեշտություն է առաջանում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ «նրանց կողմից մարդու իրավունքների և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խախտման համար»

Շիֆը նաև հիշեցրել է, որ Լաչինի միջանցքը դեռ շրջափակված է Ադրբեջանի կողմից, և կոչ է արել պատասխանատվության ենթարկել Բաքվին: 

«Այս վերջին բռնությունը տեղի է ունենում Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով առաջացած հումանիտար ճգնաժամի ընթացքում, որի հետևանքով 120 000 մարդ հայտնվել է ծանր վիճակում: ԱՄՆ-ը պետք է դատապարտի Ադրբեջանի հարձակումները Արցախի վրա և պատասխանատվության ենթարկի Ալիևի ռեժիմին: Կոչ եմ անում ԱՄՆ պետքարտուղարությանը և Բայդենի վարչակազմին օգտագործել բոլոր դիվանագիտական ուղիները՝ տարածաշրջանում աճող անկայունությունը լուծելու համար», - գրել է Շիֆը Facebook-ի իր էջում՝ շեշտելով, որ Արցախի անվտանգությունն ու ինքնիշխանությունը պետք է հարգվի։ 
 

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խմբերն Արցախում կրակ են բացել հերթափոխի մեկնող ոստիկանության ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով Արցախի ոստիկանության երեք ծառայող զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել: 

Քաղաքականություն

Պատահարներ