Պատրանքներ չկան․ ԱՄՆ Պետդեպը՝ Բլինքեն - Լավրով հանդիպման մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի զրույցը Հնդկաստանում G20-ի հանդիպմանը տևել է ութ րոպե, և ապագայում նման շփումներ Մոսկվայի հետ նախատեսված չեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Դա ութ րոպեանոց, բավականին կարճ շփում էր», - ասել է Փրայսը: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը «պատրանքներ չունի, որ նման կարճ շփումը կարող է փոխել Ռուսաստանի դիրքորոշումը տեսանելի ապագայում կամ հենց հիմա»։
Ինչ վերաբերում է Մոսկվայի հետ հետագա շփումներին, Փրայսը նշել է, որ ԱՄՆ-ն մոտ ապագայում չի ակնկալում բարձր մակարդակի շփում, սակայն ԱՄՆ ղեկավարությունը միշտ բաց է երկխոսության համար։
Մարտի 2-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարճ զրույց են ունեցել G20-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ։ Դա վերջին ամիսների ընթացքում առաջին բարձր մակարդակի ռուս-ամերիկյան հանդիպումն էր։
Ամերիկյան պատվիրակության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Բլինքենն օգտագործել է իրավիճակը Լավրովին երեք մեսիջ փոխանցելու համար. Մոսկվան պետք է չեղարկի Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրից դուրս գալու որոշումը, պետք է ազատ արձակի ԱՄՆ քաղաքացի Փոլ Ուելանին/լ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ զրույցը տեղի է ունեցել Բլինքենի խնդրանքով։ Դա Բլինքենի և Լավրովի առաջին շփումն էր 2022 թվականի ամռանից ի վեր, երբ ԱՄՆ պետքարտուղարը զանգահարեց իր ռուս գործընկերոջը՝ քննարկելու Վաշինգտոնի առաջարկը՝ ազատ արձակել Փոլ Ուելանին և բասկետբոլիստ Բրիթնի Գրիներին։