«Ամենակարճ ժամկետում ձևավորել կամավորական խմբեր». Արցախի պետնախարարն ասել է, թե ինչու
Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը դիմել է երիտասարդությանը, ուսանողությանը և հասարակական կազմակերպություններին՝ կոչ անելով ամենակարճ ժամկետում ձևավորել կամավորական խմբեր և իրենց նպաստն ու աջակցությունը բերել պետության կողմից իրականացվող ծրագրերի իրագործմանը: Այս մասին հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը:
Կոչում ասվում է. «Հարգելի երիտասարդներ, ուսանողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ,
Շուրջ 3 ամիս է՝ Ադրբեջանը արգելափակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը: Մենք գտնվում ենք շրջափակման մեջ և ապրում արտակարգ պայմաններում ու արտակարգ ռեժիմում։ Պետությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները՝ շրջափակման հետևանքները մեղմելու և հասարակության նվազագույն պահանջմունքները բավարարելու համար։ Այդ ընթացքում իրականացվում են բազմաբնույթ աշխատանքներ, որոնց կարող է իր աջակցությունը ցուցաբերել նաև հանրությունը։
Անընդունելի եմ համարում, որ շրջափակման պայմաններում Արցախ է բերվում հումանիտար բեռ, որը բեռնաթափելու կամ բեռնելու, փաթեթավորելու և շահառուներին հասցնելու համար պետությունը ստիպված է ֆինանսական միջոցներ ծախսել։
Իհարկե պետությունը կրում է քաղաքացիների իրավունքների ապահովման պոզիտիվ պարտականություն, սակայն Արցախի Հանրապետությունը մեր մեծ ընտանիքն է, և ինչպես մեր ընտանիքներում, այնպես էլ պետությունում հնարավորությունները անսահմանափակ չեն, իսկ խնայողությունը և ջանքերի մեկտեղումը՝ այսօր խիստ անհրաժեշտություն է։
Առաջիկայում նախատեսում եմ հանդիպում Արցախում գործող հասարակական կազմակերպությունների հետ, բայց մինչ այդ դիմում եմ բոլորին՝ երիտասարդությանը, ուսանողությանը.
Խնդրում և կոչ եմ անում ամենակարճ ժամկետում ձևավորել կամավորական խմբեր և ձեր նպաստն ու աջակցությունը բերել պետության կողմից իրականացվող ծրագրերի իրագործմանը։
Դրանով դուք ոչ միայն կապահովեք հանրօգուտ արդյունք, այլև կնպաստեք մեր ներքին զարթոնքին ու համախմբմանը, մեր ուժերի և հնարավորությունների մեկտեղմանն ու միավորմանը։
Սպասում ենք ձեր արձագանքներին։
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք դիմել ԱՀ պետական նախարարի աշխատակազմ՝ (047) 95 10 55 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ.հասցեին:
Նմանատիպ հոդվածներ
«Ուկրաինայում տեղի ունեցողի պատճառով մեզ մոտ ծավալվում է շատ վտանգավոր ճգնաժամ». Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է Արտաքին քաղաքականության գերմանական խորհուրդ, որտեղ հանդիպում է ունեցել քաղա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը տիկնոջ ու դստեր հետ ժամանել է Բեռլին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝...
Հայտնի է` ինչ հարցեր են քննարկվել ադրբեջանական կողմի հետ հանդիպման ժամանակ
Ի կատարումն Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի 2023 թվականի փետրվարի 28-ի նիստում կայացված որոշման՝ ստեղծվել է...
Ադրբեջանից մարդ են նշանակել, որ բանակցի Արցախի հայերի հետ
Ադրբեջանի իշխանությունները հերթական սադրիչ քայլն են կատարել։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Միլի Մեջլի...