ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայհոյանքներ, հատակին հայտնված պատգամավորներ՝ Վրաստանի խորհրդարանում

Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքից նոր տեսակադրեր են տարածվում։ Կռիվն այնքան է թեժացել, որ որոշ պատգամավորեր հայտնվել են հատակին։ Ինչպես հայտնում են վրացական լրատվականները՝ հնչել են բազմաթիվ հայհոյանքներ։ 

 

Նշենք, որ այս ամենը տեղի ունեցավ, երբ պատգամավորները քննարկում էին Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծ։ 

 

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը վերաբերում է միայն իրավաբանական անձանց, իսկ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրինագիծը պատճենվել է ամերիկյան օրենքից։ Երկուսն էլ նախաձեռնել են «Ժողովրդի ուժ» հասարակական շարժումը ներկայացնող պատգամավորները։ Արդեն հայտնի է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է օգտվել վետոյի իրավունքից։

Սկզբում բախում է եղել նիստերի դահլիճի դռների մոտ, քանի որ պատգամավորները որոշել են դռնփակ նիստ անցկացնել և թույլ չտալ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը։

 

Ընդդիմադիր պատգամավորները փորձել են բացել դռները, և հենց այդ ժամանակ էլ «Վրացական երազանք» և «Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունների ներկայացուցիչների միջև ծեծկռտուք է սկսվել։

Պատգամավորների երկրորդ կռիվը տեղի է ունեցել նիստերի դահլիճում։ Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները ծեծկռտուք են սկսել «Վրացական երազանքի» պատգամավորների և «Ժողովրդի ուժ» ՀԿ–ի հետ։

 

Խորհրդարանականները շրջել են սեղանները, շուրջ 40 րոպե «հարաբերություններ պարզել»։

Ներկա պահին հանձնաժողովը վերսկսել է աշխատանքը, բայց իրավիճակը շարունակում է լարված մնալ։

ՀԿ–ների և ընդդիմության ներկայացուցիչները, որոնք հանձնաժողովների անդամ չեն, շարունակում են բողոքել նիստերի դահլիճի մոտ, իսկ դռան մյուս կողմում դեռ հնչում են պատգամավորների բղավոցները։