Բեռլուսկոնին զայրացել և վիրավորվել է Զելենսկու հայտարարությունից

 Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին զայրացած և վիրավորված է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝  նախօրեին հնչած խոսքերից: Զելենսկին կշտամբել է իտալացի քաղաքական գործչին՝ հայտարարելով, որ Բեռլուսկոնին իրեն որոշակի հայտարարություններ է թույլ տալիս, քանի որ «նրա տունը երբեք չի ռմբակոծվել»։ 

Չորեքշաբթի իտալական La Repubblica թերթը, վկայակոչելով Իտալիայում իշխող կոալիցիայի մաս կազմող Forza Italia կուսակցության առաջնորդի շրջապատին, գրում է, որ Զելենսկու ասածից հետո Բեռլուսկոնին ցանկացել է հրապարակավ պատասխանել նրան, սակայն պաշտոնական հայտարարություն այդպես չի եղել։ 

«Ի՞նչ գիտի այս պարոնը (Զելենսկին) իմ մասին, նա ոչինչ չգիտի, ես երեխա ժամանակ վերապրել եմ ռմբակոծություններ»,- ասել է Բեռլուսկոնին։ 

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, խոսքը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների մասին է, երբ Իտալիան, որը նացիստական կոալիցիայի կողմն էր, ռմբակոծվել է դաշնակիցների կողմից։ Ապագա քաղաքական գործիչն այն ժամանակ վեց տարեկան էր։ Ավելի վաղ Բեռլուսկոնին պատմել էր, թե ինչպես են ռումբերից մեկն ընկել այն փողոցում, որտեղ նրանք ապրում էին, և ընտանիքը ստիպված էր տեղափոխվել։ 

Զելենսկին բավականին կոշտ արտահայտություններ է արել Բեռլուսկոնիի մասին երեքշաբթի Կիև այցելած Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Ըստ թերթի՝ այս դրվագը «չափազանց ամոթալի ու տհաճ» է եղել Իտալիայի կառավարության ղեկավարի համար՝ ստվեր գցելով նրա ամբողջ այցի վրա։ Մելոնին ստիպված էր «արդարանալ», որ իր իշխող կոալիցիան միաձայն էր Կիևին աջակցելու հարցում: 

Որոշակի ճգնաժամ էին առաջացրել Բեռլուսկոնիի փետրվարի 12-ի հայտարարությունները, երբ նա քննադատել էր Ուկրաինայի նախագահին։ Իտալացի քաղաքական գործիչը նշել էր, որ ինքը «բացասաբար է գնահատում այս պարոնի գործողությունները»։ Բեռլուսկոնին նաև անուղղակի քննադատել է Մելոնիին՝ ասելով, որ եթե նա լիներ վարչապետ, չէր հանդիպի Զելենսկու հետ։ Արևմուտքում այս հայտարարությունները բնութագրվեցին որպես «ռուսամետ»։ Բեռլուսկոնիի մտերիմները նշել են, որ նա մտահոգված է հակամարտության սրմամբ և ձգտում է խաղաղության։

Քաղաքականություն