35 տարի հետո էլ մեր որոշումը մնում է անփոփոխ. Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի պատմության մեջ մտավ որպես շրջադարձային ու վճռորոշ օր և դարձավ մեր ազգային ոգու վերածննդի, համայն հայության միասնականության ու համախմբման խորհրդանիշ: Այն նշանավորվեց որպես Արցախի վերածննդի օր:
Այդ օրը Ստեփանակերտում տեղի ունեցած ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց պատմական որոշում, որով իրավական ուժ ստացավ իր իրավունքների ու ազատությունների, ազգային արժանապատվության պաշտպանության համար արցախահայության բազմամյա պայքարը:
Մենք ի լուր աշխարհի հայտարարեցինք հայրենի հողում ազատ, անկախ ու միավորված ապրելու, սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու մեր վճռական ու անսասան կամքի մասին:
35 տարի հետո էլ մեր որոշումը մնում է անփոփոխ, ոգին՝ անկոտրում, ուղին՝ անշեղ: Ավելի քան երկու ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովուրդն իր տոկունությամբ ու հաստատակամությամբ ապացուցեց, որ ինչպես պատմական 88-ին, այնպես էլ այսօր տեր է իր ընդունած որոշմանը, տեր է իր ընտրած ուղուն և իր պապերի հողին, որը միշտ եղել է ու պետք է լինի հայկական:
Մենք խորապես շնորհակալ ենք ու երախտապարտ բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են այս դժվարին ճանապարհին, մեր բոլոր հայրենակիցներին Մայր Հայաստանում և Սփյուռքում, Արցախի հավատարիմ բարեկամներին աշխարհի տարբեր ծայրերում, ովքեր իրենց աջակցությամբ անսպառ ուժ են հաղորդում մեզ՝ հանուն համամարդկային արժեքների, ժողովրդավարության հիմնարար նորմերի ու սկզբունքների պաշտպանության մեր պայքարում:
Գլուխ եմ խոնարհում հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած մեր նահատակների պայծառ հիշատակի առջև: Նրանք միշտ մեզ հետ են, մեր կողքին և առաջնորդում են մեզ Արցախի ապագայի կերտման մեր ճանապարհին: Մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի իրականություն դառնան մեր հերոսների նվիրական իղձերն ու նպատակները:
Թող Աստված խաղաղություն, ուժ ու եռանդ, ամուր հավատ ու հույս պարգևի մեր ժողովրդին՝ արժանապատվորեն հաղթահարելու բոլոր փորձություններն ու կյանքի կոչելու համազգային ծրագրերն ու երազանքները»:
Նմանատիպ հոդվածներ
Ամուսնությունը նրան դարձրեց հոգեկան հիվանդ․ «Համմեր»-ի վարորդի մայրը նոր մանրամասներ էր պատմել․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է։ Փետրվարի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երեւանի կենտրոնում «Համմեր» մակնիշի մեքենայով վոյաժ...
Ըստ հրդեհից զոհվածների ծնողների՝ զինվորները տիրապետել են որոշակի ինֆորմացիայի և լիկվիդացվել․ փաստաբան
Փաստաբան Նորայր Նորիկյանը, ով հանդիսանում է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորանոցում բռնկված հրդեհից զոհվածների ծնողներ...
Վարպետ Մամիկոնը Երևանի լուսավորման ցանցի կառավարման վահանակի սպասարկման միակ մասնագետն է
Երևանն առաջին հերթին մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ ջանք ու եռանդ են դնում քաղաքի ու քաղաքացիների խնդիրները լուծելու...
Սիրելի արցախցիներ, եղեք ամուր և անկոտրում․ Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ. «35 տարի առաջ այս օրերին սկսվեց...