Ինչպե՞ս է տեխնիկապես հնարավոր պարբերաբար դադարեցնել և վերականգնել Արցախի գազամատակարարումը.Tert
Ինչպե՞ս է կազմակերպվում Արցախի Հանրապետության գազամատակարարումը և ինչպե՞ս է տեխնիկապես հնարավոր պարբերաբար դադարեցնել և վերականգնել գազամատակարարումը, այս հարցերի պատասխանները ստանալու համար Tert.am-ը հարցմամբ դիմել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին:
«Մասնավորապես՝ բնական գազի առաքումն իրականացվում է Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի մոտակայքում գտնվող Տեղ չափիչ հանգույցի միջոցով։ Նշված չափիչ հանգույցում ավարտվում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տեխնիկական գործառույթները և Արցախի Հանրապետության տարածքում գազամատակարարման ցանցի վերաբերյալ մնացած հարցերը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի իրավասության շրջանակից դուրս են», - նշեցին ընկերության մամուլի ծառայությունից։
Ինչպես հաղորդվում է, Արցախը սնուցող գազատարի մի հատված պատերազմի հետևանքով անցել է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Հետագայում գազատարի այդ հատվածում ադրբեջանցիները տեղադրել են համապատասխան փական, ինչը նրանց թույլ է տալիս ցանկացած պահի դադարեցնել և վերականգնել Արցախի գազամատակարարումը` առաջացնելով բազմաթիվ խոչընդոտներ արցախցիների համար։