Չօգտագործել Լեռնային Ղարաբաղի մասին տեղեկատվություն պարունակող բուկլետներ, կատալոգներ. նամակ` ITB Berlin ցուցահանդեսից

Աշխարհի խոշորագույն զբոսաշրջային տոնավաճառներից մեկի՝ Բեռլինի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի (ITB Berlin) կազմակերպիչները նամակ են հղել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ պահանջելով ցուցահանդեսի ժամանակ չօգտագործել Լեռնային Ղարաբաղի մասին տեղեկատվություն պարունակող բուկլետներ, կատալոգներ և այլն: Ընդ որում, իրենց պահանջը հիմնավորելու համար նամակում հիշատակվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևեր Ղարաբաղի վերաբերյալ (այսպես կոչված՝ «Ադրբեջանի տարածքների օկուպացիայի» վերաբերյալ)։ Այս մասին գրում է Sputnik Արմենիա-ն

 

Զբոսաշրջության կոմիտեի նախկին ղեկավարը` Սուսաննա Սաֆարյանը, լրատվամիջոցի հետ զրույցում նշել է, որ 2019-2021 թվականներին նման նամակ չի ստացել։ Սակայն երբեմն լինում էին ցուցահանդեսների կազմակերպիչների բանավոր խնդրանքներ` չօգտագործել Լեռնային Ղարաբաղի մասին նյութեր, քանի որ դա դառնում էր վեճի առարկա, մասնավորապես ադրբեջանական կողմի ներկայացուցիչները հայկական տաղավարների մոտ աղմկել և խանգարել են տարբեր ցուցահանդեսներում հայկական տաղավարների աշխատանքներին։

 

Ավելացնենք, որ Բեռլինի միջազգային զբոսաշրջային բորսան աշխարհի խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսն է։ Ցուցահանդեսը տեղի կունենա մարտի 8-12-ը։ Ամեն տարի դրան մասնակցում է 10 հազար կազմակերպություն 180 երկրներից։ Քաղաքները, տուրօպերատորները, ամրագրման համակարգի մշակողները, ավիաընկերությունները, հյուրանոցները և զբոսաշրջության հետ կապված այլ ձեռնարկություններ պետք է ներկայացնեն իրենց ծառայությունները:

 

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում  նամակի լուսանկարն է հրապարակել և մեկնաբանել այն:

 

 

 

Քաղաքականություն