Հրդեհային անվտանգության նորմերը չեն պահպանվել. դադարեցված է ևս մի ընկերության գործունեություն
ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը որոշել է դադարեցնել «Շինթրեյդ» ՍՊԸ–ի գործունեությունը, քանի որ հրդեհային անվտանգության նորմերը չեն պահպանվել, այս մասին տեղեկանում ենք տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարությունից։
ՔՏՀԱ տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետները վերստուգում են իրականացրել Երևան քաղաքի Վարդանանց 78 հասցեում գործող «Շինթրեյդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում՝ նախկինում տրված կարգադրերի պահանջների կատարումը պարզելու նպատակով։
Վերստուգման արդյունքում պարզվել է, որ 2022թ․ կատարված վերահսկողության արդյունքում տրված՝ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ կարգադրագրերը չեն կատարվել։
Ընկերության կողմից շահագործվող շենք-շինություններում դեռ առկա են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի թերություններ ու խախտումներ, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ որոշվել է նշված ընկերության աշխատանքներն ամբողջությամբ դադարեցնել։