«Հարավային Կովկասից հեռանալը Ռուսաստանի պլանների մեջ չի մտնում». Հայաստանում ՌԴ դեսպան
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Դիվանագետի օրվա կապակցությամբ Sputnik Արմենիային հարցազրույց է տվել:
Դիտարկմանը, որ կայունության երաշխիք է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը, և հարցին` այս առնչությամբ ի՞նչ կարող եք ասել այն տրամադրությունների, հայտարարությունների մասին, թե Ռուսաստանը չի հասցնում, չի կարողանում ազդել տեղի ունեցող գործընթացների վրա, Կոպիրկինը պատասխանել է.
«Ինձ թվում է՝ քննարկումներն այն մասին, թե Ռուսաստանը իբր հեռանում է, ցանկության բարձրաձայնում է։ Հավանաբար մարդիկ հույս ունեն, որ միտքը նյութական է դառնում, և եթե այն անընդհատ բարձրաձայնեն, դա տեղի կունենա: Ամենայն վստահությամբ ասեմ, որ դա Ռուսաստանի պլանների մեջ չի մտնում։
Հարավային Կովկասը շատ կարևոր տարածաշրջան է, և Ռուսաստանը դե ֆակտո այդ տարածաշրջանի մի մասն է՝ թե՛ աշխարհագրության, թե՛ պատմության, թե գոյություն ունեցող կապերի շնորհիվ։ Բացի այդ, մենք պարտավորություններ ունենք Հայաստանի նկատմամբ և չենք պատրաստվում հրաժարվել այդ պարտավորություններից։ Մեր` մտացածին հեռացման մասին խոսակցությունները շահարկումներ են։
Ռուսական ռազմակայանը, խաղաղապահ զորակազմը և սահմանապահները, որոնց թիվը 2020 թվականի իրադարձություններից հետո ավելացվել է հայկական կողմի խնդրանքով, և դրանք տեղակայվել են նաև հայ-ադրբեջանական սահմանին՝ այս ամենը կայունության և սրացման կանխարգելման շատ կարևոր գործոններ են։ Կրկնեմ՝ ռուսական ներկայության դերը զգալու համար, հավանաբար, պետք է խոսել սահմանամերձ գյուղերի, ավանների, Ղարաբաղի բնակիչների հետ։
Նրանց կարծիքն առավել մոտ է իրականությանը։ Կա քաղաքական քարոզչություն, բայց կա և իրական կյանքը։ Եվ պետք է ելնել նրանից, թե ինչպես են այդ ներկայությունը գնահատում այն մարդիկ, ովքեր ապրում են այդ շրջաններում և որոնց համար «անվտանգություն» բառը դատարկ խոսք չէ։
Իհարկե, այդ ներկայությունը պետք է պահանջված լինի մեր դաշնակցի կողմից։ Ես ելնում եմ նրանից, որ այդպես էլ կա։ Թեև մենք ուշադրություն ենք դարձրել վերջին շրջանում արված որոշ հայտարարությունների, թե ռուսական ռազմական ներկայությունը կարող է դիտարկվել որպես անվտանգությանը սպառնացող։ Բայց ես դա ավելի շատ վերագրում եմ հռետորաբանության տարրին, որը չի արտացոլում Հայաստանի ղեկավարության իրական դիրքորոշումը։
Երկրորդ տարրը, որի մասին ուզում եմ ասել, այն է, որ, լուծելով կայունության պահպանման, անվտանգության տեսանկյունից խոցելի շրջանների բնակչության անվտանգության ապահովման խնդիրը, Ռուսաստանը շատ ակտիվ աշխատում է տարածաշրջանում և, առաջին հերթին, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում գոյություն ունեցող խնդիրների քաղաքական կարգավորման ուղղությամբ»։
Խոսելով Լաչինի միջանցքի շրջափակման մասին` հարց է ուղղվել` ինչպե՞ս է այժմ ընթանում բանակցային գործընթացը: Սրան ի պատասխան Կոպիրկինը նշել է.
«Որքանով ինձ հայտնի է, ինտենսիվ աշխատանք է ընթանում։ Թե՛ երկրի ղեկավարության, թե՛ զորախմբի հրամանատարության մակարդակով։ Աշխատանքը շատ բարդ է, այն բախվում է բազմաթիվ գործոնների։ Պետք է գտնել այնպիսի հանգուցալուծում, որը կապահովի այն խնդրի լուծումը, որի մասին ի սկզբանե պաշտոնապես հայտարարել էր Ռուսաստանի ղեկավարությունը՝ ասելով, որ միջանցքը պետք է ամբողջովին բաց լինի։
Աշխատանք է տարվում բոլոր կողմերի հետ, որոնք այս կամ այն կերպ առնչվում են իրավիճակին։ Միաժամանակ զորակազմը շարունակում է իրականացնել այն գործառույթները, որոնք իրեն վերապահված են։ Խնդիրը կապված է մի շարք հարցերի հետ, ներառյալ կողմերի կողմից եռակողմ հայտարարություններում (Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների) ամրագրված բոլոր պայմանավորվածությունների կատարումը»։