Սա քաղաքական հետապնդման դրսևորում է. Վիգեն Սարգսյանը` իր նկատմամբ քրեական հետապնդման մասին
Սա քաղաքական հետապնդման դրսևորում է, ՊՆ ծառայածս 18 ամիսներից յուրաքանչյուրում բանակի համար արել եմ ավելին, քան կապիտուլյանտ ողջ վարչակազմը՝ 5 տարում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:
«Հրապարակե՛ք բնակարաններ ստացածների ցանկը` յուրաքանչյուրի մարտական ուղին և վաստակը նշելով, և նրանց ցանկը, որոնց իրավունքները հսկող դատախազի կարծիքով խախտվել են: Նողկալի է:
Տեղեկատվություն տարածվեց 2019-ի սեպտեմբերից չարչրկվող` ՊՆ բնակարանների բաշխման գործընթացում իբր առկա չարաշահումների հիմքով ինձ և ՊՆ հինգ պաշտոնյաների որպես մեղադրյալ ներգրավելու՝ հսկող դատախազի որոշման մասին:
Իմ բոլոր կարգավիճակներում, առավել ևս՝ որպես պաշտպանության նախարար, մշտապես ծառայել եմ ազնվորեն՝ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ամրապնդման, մեր ազգային շահերի առաջմղման նպատակով: Դա հայտնի է բոլորին, ում հետ առնչվել եմ գործի բերումով:
Պաշտպանության նախարար ծառայածս 18 ամիսներից յուրաքանչյուրում Զինված ուժերի մարտունակության բարձրացման և բանակի ուժեղացման համար արել եմ ավելին, քան փաշինյանական կապիտուլյանտ ողջ վարչակազմը՝ այս հինգ տարիների ընթացքում:
Այդ 26 բնակարանների բաշխման գործառույթն, որն իմ պաշտոնական բոլոր լիազորություններից երևի թե ամենաաննշանն էր իր ծավալով և հանրային կարևորության առումով, իրականացվել է օրենքի պահանջին համապատասխան` հիմք ընդունելով բնակարան ստացողների անցած մարտական ուղին և վաստակը:
Երկարաշունչ անհեթեթության փոխարեն պետք է հրապարակել բնակարաններ ստացածների ցանկը` յուրաքանչյուրի մարտական ուղին և վաստակը նշելով, և նրանց ցանկը, որոնց իրավունքները հսկող դատախազի կարծիքով խախտվել են: Վստահ եմ, այդքանը բավարար կլինի թեման սպառված համարելու համար: Պարզապես նողկալի է:
Զավեշտ է, որ դատախազությունը, ինձ հետ կապ հաստատելու որևէ ջանք չգործադրելով, թեև ես բազմիցս հայտնել եմ իմ հեռախոսահամարի, էլ. փոստի անփոփոխ լինելու և իմ գտնվելու վայրի մասին, զրկել է ինձ օրինական իրավունքներս պաշտպանելու հնարավորությունից:
Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդման դրսևորում և մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում, ինչպես դա արդեն բացահայտորեն արվում է տարիներ շարունակ բոլոր ընդդիմադիրների նկատմամբ: Այս պարագայում, նաև ազդակ է երկրի պաշտպանությունը բացահայտորեն տապալած հանցագործների կողմից` իմ Հայաստան վերադառնալու անցանկալիության մասին:
Դա նոր ազդակ չէ, պարզապես թարմացվում է` առաջիկա շատ վտանգավոր զարգացումների ֆոնին»: