«Նպատակը` աշխատավարձերի առնվազն կրկնապատկում». Փաշինյանն ասաց` ԱԱԾ-ում էլ կներդրվի կամավոր ատեստավորման համակարգը
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 9-ի նիստում հավանություն տվեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին:
ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը նշեց, որ նախագծերի փաթեթի նպատակը Ազգային անվտանգության մարմիններում ատեստավորման նոր համակարգի ներդրումն է, դրա արդյունքում առավել բարձր վարձատրության նախատեսումը, ինչպես նաև ծառայողների մասնագիտական պատրաստվածության պատշաճ մակարդակի ապահովումը:
«Մասնավորապես, Ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ հետախուզական գործունեության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման և վերահսկման գործառույթներ իրականացնող ծառայողների համար ատեստավորման արդյունքում կհաշվարկվի հավելավճար, ընդ որում՝ նշված պաշտոնները զբաղեցնող ծառայողներն ատեստավորմանն առաջին անգամ կմասնակցեն կամավորության սկզբունքով: Յուրաքանչյուր հաջորդ ատեստավորումը կիրականցվի երեք տարին մեկ անգամ: Ատեստավորման բացասական արդյունքի դեպքում ծառայողը կրկին ատեստավորում անցնելու համար մեկ տարվա ընթացքում երկու անգամ դիմելու հնարավորություն կունենա: Օրենքի նախագծի համաձայն՝ ատեստավորման ընթացակարգը, հաշվարկվող հավելավճարների չափերն ու վճարման կարգը սահմանվելու են Կառավարության որոշմամբ»,- ասաց Արմեն Աբազյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինչպես բանակում, այնպես էլ ԱԱԾ-ում ատեստավորման գործընթացի նպատակադրումը նույնն է՝ աշխատավարձերի առնվազն կրկնապատկում:
«Մենք այս փուլում այս գործընթացն այս տրամաբանությամբ իրականացնում ենք այն մարմիններում, որտեղ իրականացվում է մարտական ծառայություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: