Փաշինյանը` գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին

 ԵԱՏՄ անդամ երկրների տեխնոլոգիական անկախության ամրապնդումն ուղղակիորեն կախված է նոր տեխնոլոգիական ձևերին անցումից և չի կարող իրականացվել միանգամից, Ալմաթիում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Ըստ նրա՝ այն պահանջում է ռազմավարության, փուլերի, ծախսերի սահմանում, ինչը կախված է ԵԱՏՄ արդյունաբերության ճյուղերի տեխնոլոգիական զարգացման մակարդակից, և, որպես հետևանք, անցումը կպահանջի առկա ճյուղերի արդիականացում, ինչպես նաև նոր ինովացիոն արդյունաբերական ոլորտների ստեղծում։

 

«Ակնհայտ է, որ այդ նպատակների համար Միության ներսում պետք է ստեղծվի տեխնոլոգիական կանխատեսումների համակարգ՝ տեխնոլոգիաների զարգացման ամենահեռանկարային միտումները ժամանակին բացահայտելու համար։ Միևնույն ժամանակ, փոխգործակցության կարևոր տարր կարող է դառնալ լավագույն հասանելի տեխնոլոգիաների տվյալների բազայի ստեղծումը:

 

Նշեմ, որ մենք նաև մեծապես կարևորում ենք պարենային անվտանգության տեղական և միութենական համակարգերի զարգացմանը:

Կարծում ենք, որ ապագայում ԵԱՏՄ անդամ պետությունների կոլեկտիվ պարենային անվտանգության համակարգի ստեղծման նպատակով համագործակցության ակտիվացումը հնարավորություն կտա բարձրացնել առկա ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, զսպել գնաճը, ապահովել պարենային ապրանքների հասանելիությունը և ակտիվացնել փոխադարձ առևտուրը։

 

ԵԱՏՄ ինտեգրացիոն համագործակցության մեկ այլ կարևոր բաղադրիչ եմ համարում էներգառեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորումը։

Այս համատեքստում, կնշեմ մեր շահագրգռվածությունը գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի նախագծի չկարգավորված հարցերի շուրջ հնարավորինս արագ կոնսենսուսի հասնելու հարցում, և ևս մեկ անգամ հաստատում եմ դրանց լուծմանը կառուցողական մոտեցում ցուցաբերելու մեր պատրաստակամությունը։

 

ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի միասնական շուկայի հարցերի շրջանակում Հայաստանի համար արդիական եմ համարում «Էլեկտրաէներգիայի միջպետական փոխանցման ծառայությունների հասանելիության կանոնների» հիմքում ամրագրված ճկուն և բազմավեկտոր մոտեցումները։

Մասնավորապես, կանոնները հնարավորություն կտան ապահովել ԵԱՏՄ անդամ երկրների էներգետիկ համակարգերին միացումը Միության անդամ չհանդիսացող երկրի միջոցով (մեր դեպքում՝ Վրաստանի միջոցով)՝ դրանով իսկ ստեղծելով տեխնիկական և իրավական նախադրյալներ՝ փոխշահավետ շուկայական պայմանագրեր կնքելու համար։

 

Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի լիարժեք գործարկման նպատակով մենք պետք է սինքրոնացնենք մեր գործողություններն այս ուղղությամբ, ինչը թույլ կտա մեզ ձևավորել հուսալի «թվային կմախք»՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը ապահովելու համար։

 

Թվային տնտեսության զարգացումը և թվային տեխնոլոգիաների ներդրումն օբյեկտիվ անհրաժեշտություն է միասնական թվային տարածքի ձևավորման համար։ Այս համատեքստում, կնշեմ միջպետական տեղեկատվության փոխանակման համակարգի գործիքների, ինտեգրացիոն էֆեկտով թվային նախագծերի ստեղծման և զարգացման արդիականությունն ու մեծ պահանջարկը:

 

Եվ, չնայած ձեռք բերված արդյունքներին, մենք պետք է անընդհատ վերանայենք և ընդլայնենք թվային օրակարգի առաջնահերթությունները։ Այս համատեքստում, ցանկանում եմ նշել, որ «Digital Almaty» համաժողովը դարձել է շահագրգիռ մասնակիցների հետ համապարփակ երկխոսության, թվային փոխակերպման հարցերը և թվային զարգացման հեռանկարները քննարկելու արդյունավետ հարթակներից մեկը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: