Ջանում են Վրաստանը վերածել «հակա-Ռուսաստանի»․ Լավրով
Արևմուտքը ցանկանում է Վրաստանը դարձնել Ռուսաստանի համար հերթական զգայուն կետը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։
«Կասկած չունեմ, որ որ ցանկանում են Վրաստանը դարձնել Ռուսաստանի համար հերթական զգայուն կետը, իրավիճակը վերադարձնել «սահակաշվիլյան» ագրեսիվ ժամանակներին։ Արևմուտքը ջանում էր և ջանում է Վրաստանը վերածել «հակա-Ռուսաստանի»»,- ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ տարածաշրջանում կառուցողական մթնոլորտ ձևավորելու համար Ռուսաստանը առաջ է քաշում «3+3» ձևաչափը, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի մասնակցությամբ։
«Առաջին շփումը տեղի է ունեցել, կշարունակենք»,- այս առնչությամբ ասել է նա, ապա առանձին անդրադարձել նաև Վրաստանի հետ կապված՝ անցած տարիների իրադարձություններին՝ նշելով, որ 2000-ականների սկզբին Ռուսաստանն ու Վրաստանը քննարկում էին Վրաստանում, ռուսական նախկին ռազմաբազաներից մեկի տարածքում, ահաբեկչության դեմ պայքարի համատեղ կենտրոն ստեղծել։
«Երբ ռազմաբազաները դուրս եկան, երբ մենք մեր մասով անելիքները կատարեցինք, Սահակաշվիլին կտրականապես հրաժարվեց ստեղծել այդ հակաահաբեկչական կենտրոնը։ Այն բարի ժամանակներում դեռ ոչ ոք չէր կասկածում, որ Վրաստանը կհարձակվի Հարավային Օսեթիայի վրա։ Բայց անգամ այդ խաղաղասիրական ժամանակներում, որին բնորոշ էր նոր հարաբերություններ կառուցելու ձգտումը, մեզ խաբեցին, այդ անգամ՝ Սահակաշվիլին։ Ոչ մի կասկած չկա, որ դա նրան թելադրել էին իր կուրատորները՝ ասելով՝ Ռուսաստանի հետ որևէ համատեղ կենտրոն ստեղծելու կարիք չկա»,- ասել է Լավրովը։
Անդրադառնալով Վրաստանի՝ այսօր գործող իշխանությունների դիրքորոշմանը՝ ՌԴ ԱԳ նախարարը նշել է՝ նրանք առաջնորդվում են ազգային շահերով՝ չնայած Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու Արևմուտքի հորդորներին։
«Ես պարզապես մեջբերում եմ Վրաստանի վարչապետի և նախարարների խոսքերը, որոնք, ի պատասխան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալու, Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ ստեղծելու Արևմուտքի աննախադեպ ճնշմանը, ասում են՝ գիտեք, մենք առաջնորդվում ենք մեր ազգային շահերով․ մենք առևտուր ենք անում Ռուսաստանի հետ, զբոսաշրջություն ունենք, էներգակիրներ ենք ստանում, և դա բխում է վրացական պետության ու վրաց ժողովրդի շահերից»,- ասել է Լավրովը։