
«Ճանապարհային դեպարտամենտը»՝ ձնամաքրման աշխատանքներ չկատարելու և ճանապարհներին ստեղծված իրավիճակի մասին

Ինչպես արդեն հայտնել էինք այսօր առավոտյան Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին ստեղծվել էր բարդ իրավիճակ։ Ձյան և մերկասառույցի պատճառով քաղաքացիները չէին կարողանում անարգել երթևեկել, ինչի պատճառով էլ ավտոճանապարհներին գոյացել էին հսկայական խցանումներ և ստեղծվել վթարային իրավիճակներ։
Auroranews-ն ահազանգ ստացավ Եղվարդ- Երևան մայրուղու հատվածում անանցանելի լինելու մասին։ Մեզ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ ճանապարհի սառցկալած հատվածներում պարեկները ձեռքերով ավազ են լցրել, որպեսզի մեքենաները կարողանան երթևեկել։
Տեղեկություն ստացանք նաև Աշտարակ-Երևան, Աբովյան- Երևան ավտոճանապարհներից, որտեղ նույնպես մերկասառույցի պատճառով երթևեկությունը անհնարին էր դարձել։
Կապ հաստատեցինք ՀՀ « Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ՝ հասկանալու, թե ինչու չեն սպասարկվում նշված հանրապետական և միջպետական նշանակության ճաապարհները, որտեղից մեզ ասացին, որ այսօր Աշտարակի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները ապասարկող «Մ-բուատ» ՍՊ ընկերությունը ձյան տեղուների ժամանակ թերացել է ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներում, ինչի հետևանքով որոշ ճանապարհահատվածներում խաթարվել է երթևեկությունը։
Ըստ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի՝ մոբիլիզացվել է հարակից տարածաշրջանի ճանապարհները սպասարկող կապալառու կազմակերպությունների ուժերը՝ վերոնշյալ տարածաշրջանի ավտոճանապարհների ձյան շերտի մաքրման և մշակման աշխատանքների համար։
Մեզ հետ զրույցում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից նշեցին նաև, որ Աշտարակի տարածաշրջանը սպասարկող կազմակերպության նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված պատժամիջոցներ։
«Ինչ վերաբերում է Եղվարդ- Երևան հանրապետական նշանակության ճանապարհին, այնտեղ այս պահին ձնամաքրման աշխատանքներ են ընթանում»,-նշեցին հիմնադրամից։