«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի». Հաագայի դատարանում լսումներ են անցկացվել
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր կայացել են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները: Այս մասին տեղեկացրել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը։
Պաշտոնական Երևանը դատարանից պահանջում է ճանաչել Ադրբեջանի խտրական վերաբերմունքը Հայաստանի և հայության նկատմամբ և հատուցել պատճառած վնասը։
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը խնդրել է Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառել` նախքան «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը հրապարակելը։ Եղիշե Կիրակոսյանը ելույթում նշել է, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը վերջին հույսն է Լեռնային Ղարաբաղի հայերի համար։
«Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն` թողնել իրենց պապենական տները, կամ մնալ այնտեղ ու սովամահ լինել։ Ադրբեջանի նախագահը պահանջել է, որ ԼՂ հայերը մեկնեն այնտեղից։ Ճանապարհը բաց է բոլոր նրանց համար, ովքեր չեն ցանկանում իրենց քաղաքացին դառնալ»,- ասել է Եղիշե Կիրակոսյանը։
Այսօրվա դատական լսումները Հայաստանի կողմից 2020 թվականին Ադրբեջանի դեմ ներկայացված հայցի բաղկացուցիչ մասն էին, որով Հայաստանը Բաքվին մեղադրում է ռասսայական խտրականությունը բացառող մի շարք միջազգային փաստաթղթերն ու համաձայնագրերը խախտելու մեջ։