Թեհրանը և Բաքուն չպետք է թույլ տան հարաբերությունների վատթարացում. Աբդոլլահիան

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում ընդգծել է, որ երկու կողմերը չպետք է թույլ տան, որ Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած միջադեպը բացասաբար ազդի իրենց հարաբերությունների վրա: Այս մասին գրում է ИРНА-ն, Աբդոլլահիանն իր ցավակցությունն է հայտնել և դատապարտել միջադեպը:

 

Նա առաջարկել է, որ միջադեպի տարբեր ասպեկտները պարզելու համար երկու երկրների անվտանգության մարմինները շարունակեն հետաքննել միմյանց հետ սերտ համագործակցությամբ: Նշվում է, որ Բայրամովը ողջունել է իրանցի գործընկերոջ առաջարկը: Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև հաղորդագրություն է տարածել հեռախոսազրույցի մասին, որը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ այդ հաղորդագրությունների` Իրանի ԱԳ նախարարը խոստացել է ամենախիստ պատիժը Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված անձի համար։ Իր հերթին Բայրամովը կատարվածն անվանել է ահաբեկչական հարձակում «և «հիշեցրել, որ» դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի «հիման վրա իրանական կողմը պարտավոր է պաշտպանել դեսպանատան շենքը բոլոր տեսակի հարձակումներից և ապահովել նրա աշխատակիցների անվտանգությունը»: 

 

Հաղորդագրության համաձայն՝ Բայրամովը նաև իրանական կողմից պահանջել է շուտափույթ պատասխանատվության ենթարկել հարձակվողին, մանրակրկիտ հետաքննություն իրականացնել, «բացահայտել և պատժել հանցագործության կազմակերպմանն ու կատարմանը մասնակից մյուս մասնակիցներին»: 

 

Ադրբեջանի ԱԳՆ տեղեկատվության համաձայն` Աբդոլլահիանը հայտնել է, որ տվյալ փաստի առթիվ Իրանի իրավապահ մարմինների կողմից ներկայումս հետաքննություն է ընթանում, իսկ Ադրբեջանի դեսպանատան և նրա աշխատակիցների անվտանգության մակարդակը բարձրացվել է: 

 

Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա այսօր առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է դիվանագիտական առաքելության պահպանության ծառայության պետը, ևս երկուսը վիրավորվել են։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Կանաանին խստորեն դատապարտել է զինված հարձակումը և հայտնել, որ նախաքննության արդյունքների համաձայն՝ հարձակման հետևում անձնական դրդապատճառներ են եղել:

Քաղաքականություն

Պատահարներ