ԱՄՆ-ն մեկնաբանել է ՌԴ-ի հայտարարությունը` Հայաստանում ԵՄ-ի մոնիթորինգային առաքելության մասին

ԱՄՆ-ը կողմնակից է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցություններին։ Մենք ողջունում ենք գործընկերների, այդ թվում Եվրամիության՝ տարածաշրջանում վստահության ամրապնդման եւ Երեւանի եւ Բաքվի միջեւ ուղիղ երկխոսությանը նպաստող ջանքերը։ Այս մասին ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը Հայաստանում ԵՄ-ի մոնիթորինգային առաքելության մասին:  

 

«Մասնավորապես, ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին, ապա ԱՄՆ-ը չի մասնակցել 2020թ. նոյեմբերին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի հաստատմանը Ռուսաստանի միջնորդությամբ, ինչը հանգեցրել է ռուս խաղաղապահների տեղակայմանը, ուստի ես պարզապես որեւէ բան չունեմ առաջարկելու այս առիթով։ Բայց, իհարկե, ինչպես գիտեք, սա շատ կարեւոր հարց է պետքարտուղարի համար, այն է, ինչին նա սեւեռուն ուշադրություն է հատկացնում»։ 

 

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ–ն երեկ անդրադարձել էր Հայաստանում ԵՄ-ի մոնիթորինգային առաքելությանը` նշելով, որ Անդրկովկասում Ռուսաստանի միջնորդական ջանքերը ճնշելու փորձերը կարող են վնաս հասցնել հայերի և ադրբեջանցիների արմատական շահերին ու խաղաղությունը տարածաշրջան վերադարձնելուն։

 

«Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի վերածված, ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն վարող Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։ Չպետք է նաև մոլորության մեջ գցի ԵՄ - ի առաքելության հայտարարած քաղաքացիական բնույթը. այն ձևավորվում է անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ-ի ընդհանուր քաղաքականության շրջանակներում ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»:

Քաղաքականություն