640 հազար դրամ չվճարած վարկի համար բանկի պահանջով բռնագանձվել է գյուղացու տունը․ ո՞վ է գնել տունը․ «Հետք»

2014-ին Լոռի Բերդի բնակիչ Արմեն Առաքելյանը «ՎՏԲ» բանկից 640 հազար դրամ գյուղատնտեսական վարկ էր վերցրել և այդ գումարով անասուն գնել։

«Գործերս լավ չէին, կինս հիվանդ էր, ծախսերը շատ էին, ու ես ստիպված ավելի էժան գնով վաճառեցի անասուններին, վարկն էլ մուծելու հնարավորություն չկար»,- «Հետք»-ին պատմել է Արմենը։

 

Հիմա այս չվճարած վարկի և տարիների ընթացքում կուտակված տույժերի ու տուգանքների պատճառով երկհարկանի տունը, դատարանի որոշմամբ, ԴԱՀԿ-ն աճուրդով վաճառել է։ Տան նոր տերը դատավորի բարեկամ է։

 

Արմենը հայտնվել է անելանելի իրավիճակում՝ տունը ազատելու համար ընտանիքին վերջնաժամկետ են տվել։ Օրեր առաջ ծանր ապրումներից մահացել է Արմենի` տանը բնակվող տարեց մայրը՝ Լենիկ Առաքելյանը։

 

Տարիներ տևած դատական գործընթացներում խախտվել են ոչ միայն Արմենի, այլև տան համասեփականատերերի սեփականության իրավունքի հիմնարար սկզբունքները։ Դատական պրոցեսների մասին նրանք տեղեկացված չեն եղել և նիստերին չեն մասնակցել։

 

Դատական պրոցեսը

 

Առաքելյանները տունը կորցրել են երկու դատական պրոցեսի արդյունքում։

Արմենը պատմել է, որ 2015-ին, երբ հասկացել է, որ չի կարողանա վճարել վարկի ամսական վճարումները, դիմել է բանկին՝ խնդրելով վերավարկավորելու հնարավորություն, բայց բանկը պահանջել է մոտ 200 հազար դրամի նախնական վճարում անել։ Այդքան գումար Արմենը չի ունեցել, հետևաբար վերավարկավորում չի արվել։

 

2015-ին Արմենը մեկնել է Ռուսաստան՝ գումար վաստակելու, իսկ այդ ընթացքում կայացվել է երկու դատական վճիռ, որից տեղյակ չեն եղել ո՛չ Արմենը, ո՛չ տան համասեփականատերերը, որոնք եղել են Հայաստանում։

 

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015-ի հոկտեմբերին բավարարել է «ՎՏԲ» բանկի՝ Արմենից 637 հազար դրամ վարկի պարտքն ու վարկային պայմանագրով նախատեսված տույժերն ու տուգանքները բռնագանձելու մասին հայցը։

 

Վճիռը ներկայացվել է հարկադիր կատարման, սակայն պարտքը չի մարվել, ինչից հետո սկսվել է երկրորդ դատական պրոցեսը:

 

2018-ին բանկը դիմել է դատարան Արմենին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերից իր բաժնեմասը առանձնացնելու և դրանք բռնագանձելու հայցով։ Գործը մակագրվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գուրգեն Գագիկյանին:

 

Ըստ օրենքի՝ եթե գույքը համասեփականատերեր ունի, սկզբից առանձնացնում են պարտապանին պատկանող բաժինը, դրա վրա բռնագանձում տարածելու համար, իսկ եթե դա հնարավոր չէ, աճուրդով վաճառում են գույքը, պարտապանի բաժնի վաճառքից ստացած գումարը ուղղում են նրա պարտքը փակելուն։

 

Այս դեպքում համասեփականատերերին տրվում է գնման նախապատվության իրավունք, այսինքն՝ համասեփականատերերին հնարավորություն է տրվում առաջինը գնել պարտապանի բաժինը և այդպիսով մարել նրա պարտքը։

 

Դատարանը սկզբից նշանակել է համալիր փորձաքննություն՝ պարզելու համար, թե որքան է կազմում Արմենին համասեփականության իրավունքով պատկանող գույքերի իր չափաբաժնի և տան շուկայական արժեքը, արդյոք հնարավոր է դրանք առանձնացնել ընդհանուր գույքից։

Ամիսներ անց` արդեն 2019-ին, փորձաքննության արդյունքները ստանալուց հետո դատարանը կայացրել է վճիռ, որով ամբողջությամբ բավարարել է բանկի հայցը։

 

Այսպես, քանի որ ըստ փորձաքննության արդյունքների, բնակելի տնից հնարավոր չէր առանձնացնել Արմենին պատկանող մասը, որոշվել է տունը աճուրդով վաճառել և Արմենի չափաբաժնի գումարը ուղղել պարտքի մարմանը։ Ըստ վճռի՝ մնացած հողամասերից պիտի առանձնացվեին Արմենին պատկանող ⅙-րդ բաժինները և վաճառքից գումարը պիտի ուղղվեր պարտքի մարմանը։

 

Օրենքի պահանջն է բոլոր դատական նիստերի, որոշումների և վճիռների մասին պատասխանող կողմ հանդիսացող բոլոր մասնակիցներին տեղեկացնելը։ Սա պատշաճ կերպով չի արվել։ Ո՛չ Արմենը, ո՛չ համասեփականատերերը այս դատի նիստերի մասին տեղեկացված չեն եղել, հետևաբար չեն մասնակցել դրանց։

 

Այսպես, հենց դատական գործում նշված է, որ Արմեն Առաքելյանին ուղղված ծանուցագիրը վերադարձվել է «բացակա» նշումով։ Գույքի երեք համասեփականատերերի՝ Արմենի ազգականներ Անժելա, Ջուլետա և Գոհար Ստեբլինաներին (Առաքելյաններին) ուղղված ծանուցագրերը նույնպես վերադարձվել են «տեղափոխված» նշումներով։ Լենիկ Առաքելյանը, ըստ դատական գործի, պատշաճ ծանուցվել է, բայց տարեց կնոջ պնդմամբ՝ նա որևէ ծանուցում չէր ստացել, իսկ ստանալու դեպքում հարց է առաջանում, թե ինչ կարող էր անել տարեց կինը։

Չնայած սրան, դատավոր Գագիկյանը որոշել է գործը քննել առանց պատասխանող կողմից գեթ մեկ ներկայացուցչի ներկայության, քանի որ ծանուցումը կատարվել է «ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին սահմանված կարգով»։

 

Ընտանիքի փաստաբան Կամո Ասատրյանի պնդմամբ, պատշաճ տեղեկացված չլինելու պատճառով համասեփականատերերը նաև զրկվել են վերևում նշված գնման նախապատվության իրավունքն իրացնելուց։

 

Օրինակ՝ Ջուլետա Ստեբլինան (Առաքելյան) պատահական է իմացել այս ամենի մասին Կադաստրի կոմիտեում գործարք անելիս, ինչից հետո նոր դիմել է փաստաբանին։

 

Արմենը տան մյուս սեփականատերին չի տեղեկացրել վարկը չմարելու մասին։ Նրա խոսքով, քանի որ վարկը չի վերցրել գույքի գրավադրմամբ, չի գիտակցել, որ բանկը կարող է գույքը բռնագանձել։

 

Փաստաբանը 2022-ին դիմել է Վերաքննիչ դատարան` խնդրելով վերանայել դատական գործը, քանի որ այն տեղի է ունեցել օրենքի կոպտագույն խախտումներով, բայց Վերաքննիչ դատարանը մերժել է հայցը և գործի վարույթ չի սկսել։

Առանձին հայցով դիմել է նաև վարչական դատարան` պահանջելով ԴԱՀԿ ծառայությանը արգելել որևէ գործողություն կատարել անշարժ գույքի նկատմամբ։ Սակայն այս հայցով վարույթ սկսելը դատարանը նույնպես մերժել է։

 

Ո՞վ է գնել Առաքելյանների տունը

 

Արմենի վերցրած 640 հազար դրամ գյուղատնտեսական վարկը տարիների ընթացքում ավելացել է տույժերի, տուգանքների և այլ ծախսերի հետևանքով, և ընդհանուր պարտքի գումարը կազմել է մոտ 2,5 միլիոն դրամ։

 

ԴԱՀԿ-ի տրամադրած տեղեկություններով, երկհարկանի 181,4 քմ մակերես ունեցող տան շուկայական արժեքը գնահատվել է 13,3 միլիոն դրամ։

2020-ի հունվարին որոշում է կայացվել գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնել, տան մեկնարկային գինը սահմանվել է 10 միլիոն դրամ։ Երկու տարի ոչ ոք տունը չի գնել, հետևաբար տան գինը ընկել է։

 

Արդյունքում, 2022-ի նոյեմբերին տունը աճուրդով վաճառվել է ընդամենը 2,3 միլիոն դրամով և կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր։

Ընտանիքի պնդմամբ, տունը շատ էժան է գնահատվել և վաճառվել։ Ընտանիքին պատկանող գոմը միայն առնվազն 3 միլիոն դրամ արժեք ունի։

 

«Կադաստրից տեղեկանում ենք, որ տան նոր սեփականատերն է Մելանյա Մելիքջանյանը։ Նա Ստեփանավանում է ապրում, ծնունդով ստեփանավանցի, Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռազմիկ Մարիկյանի մորաքույրն է։

 

Ի դեպ, օրերս list.am-ում Առաքելյանների տան վաճառքի մասին հայտարարություն է տեղադրվել, Մելանյա Մելիքջանյանը ցանկանում է տունը վաճառել $ 18,000 ԱՄՆ դոլարով, ինչը ներկա փոխարժեքով 7 միլիոն դրամից մի փոքր ավելին է։

 

Առաքելյանների խոսքով, նրանք պատրաստ են եղել ինչ-որ կերպ գումար հայթայթել և փորձել են բանակցել Մելանյա Մելիքջանյանի հետ` առաջարկելով վճարել նրան տան համար իր վճարած գումարից մի փոքր ավելի գումար, բայց նա ասել է, որ կհամաձայնի միայն այն դեպքում, եթե իրեն նոր տուն գնեն։

Ինչպես նշել ենք, Առաքելյաններին վերջնաժամկետ են տվել տունը ազատելու համար, իսկ հոգեկան ծանր ապրումներից օրերս մահացել է Լենիկ Առաքելյանը։ Արմենի հետ մեր հեռախոսազրույցն անընդհատ ընդհատվում էր, քանի որ մարդիկ տուն էին գալիս նրան ցավակցելու համար։

Քաղաքականություն