Թուրքիան չեղարկեց Շվեդիայի պաշտպանության նախարարի այցը երկիր

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ հունվարի 27-ին կայանալիք իր շվեդ գործընկերոջ այցը չեղարկվել է, քանի որ այն արդեն իմաստ չունի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

 

Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը մտադիր էր Անկարայում քննարկել ՆԱՏՕ–ին Ստոկհոլմի անդամակցության հայտը, որը Թուրքիան մինչ օրս չի վավերացրել։

 

«Այն փուլում, որին հասել ենք, Շվեդիայի պաշտպանության նախարար Յոնսոնի այցի կարևորությունն ու իմաստն այլևս կորել է։ Այդ իսկ պատճառով մենք այն չեղարկել ենք», – Աքարի խոսքերն է մեջբերում Haberturk հեռուստաալիքը։

 

Ավելի վաղ Ստոկհոլմում անցկացվել էր Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության համախոհների բողոքի ակցիան, որի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանի նկատմամբ վիրավորական արտահայտություններ և ժեստեր էին թույլ տվել։

 

Այդ դեպքերից հետո թուրքական խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը չեղարկել էր Անկարա իր շվեդ գործընկերոջ նախատեսված այցը։ Թուրքիայի նախագահի փաստաբանը ակցիայի հետ կապված դիմում էր ներկայացրել Անկարայի գլխավոր դատախազություն, քրեական գործ է հարուցվել։ Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլսթրյոմը հայտարարել էր, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության ակցիան կարող է բարդացնել ՆԱՏՕ–ին Շվեդիայի անդամակցության հայտը Անկարայի կողմից վավերացնելու գործընթացը։

 

Մայիսի 18-ին Ուկրաինայի դեպքերի ֆոնին Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարին դաշինքին անդամացկելու հայտեր են փոխանցել։ Սկզբում Անկարան արգելափակել էր այս հայտերի ուսումնասիրումը, սակայն հունիսի 29-ին Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան անվտանգության ոլորտում եռակողմ հուշագիր են ստորագրել, որը հաշվի է առնում Անկարայի բոլոր մտավախությունները։

 

Թուրքիան հանել էր ՆԱՏՕ–ին այս երկու երկրների անդամակցության վերաբերյալ իր առարկությունները։ 2022–ի հոկտեմբերի 6-ի տվյալներով` 30 երկրից 28–ը (Թուրքիայից և Հունգարիայից բացի) արդեն իսկ դրական որոշում է կայացրել հարցի վերաբերյալ։

Քաղաքականություն

Պատահարներ