Վարչապետի առանձնատուն ներխուժած անձը գողացել է Աննա Հակոբյանի` մոտ 4 մլն դրամի ոսկյա զարդերն ու հաջորդ օրը գրավադրել․ ԱԱԾ

 Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ կալանավորվել են Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրած և վարչապետի կեցավայրից հափշտակություն կատարած անձինք։

 

Հաղորդագրությունում նշվում է, որ զանգվածային անկարգհությանը մասնակցած Տ. Պ-ն, նույն դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել բնակարան հանդիսացող՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հատկացված առանձնատուն, որից հետո զանգվածային անկարգության մի շարք մասնակիցների հետ ներս է մտել առանձնատան 2-րդ հարկում գտնվող ննջասենյակ, որտեղ, հաստատապես գիտակցելով իր գործողությունների բացահայտ բնույթը և ներկաների կողմից դրա հանցավորությունը գիտակցելու հանգամանքը, անտեսելով դրանք, ննջասենյակում գտնվող պահարանից բացահայտ հափշտակել է ՀՀ վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 3.920.000 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերը, այդ թվում՝ զարդատուփի մեջ գտնված ոսկյա ժամացույցը, շղթաները, կախազարդը և ապարանջանը:

 

Դրանից հետո, Տ. Պ-ն իր կողմից բացահայտ հափշտակված վերոհիշյալ ոսկյա զարդերը տնօրինել է անձնական նպատակներով և 551.000 ՀՀ դրամի դիմաց 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում, ընկերոջ՝ Ս. Ս-ի, իսկ շղթաներից մյուսը՝ 40.000 ՀՀ դրամի դիմաց՝ իր անվամբ 2020 թվականի նոյեմբերի 16-ին գրավադրել է «Ֆաստ Կրեդիտ» ՈՒՎԿ գրավատան համապատասխանաբար՝ Կոմիտաս պողոտայում և Մալաթիա վարչական շրջանում գտնվող մասնաճյուղերում:

 

Տ.Պ-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել են հանրային քրեական հետապնդում, նրա նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով։ Կալանավորևված  ևս մեկ անձ՝ Ա․Բ․–ն։